Խիստ նկատողություն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի այսօրվա նիստում քննվեցին մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները «Հայփոստ», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների գործունեության վերաբերյալ:
Նիստում նշվեց, որ մի շարք սպառողներ դիմել են Հանձնաժողովին՝ դժգոհելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունից: Խոսքը վերաբերում է մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց հետ վերադարձի խնդիրներին: Ըստ բողոքների, եթե ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք տոմսի արժեքի 15%-ի չափով: Սպառողները նաև բողոքում են, որ «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին: Բացի այդ տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է: Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից: Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը լուծել է և գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռևս այս պահին առկա խնդիրը՝ այն է նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:
Հանձնաժողովը հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տվեց խիստ նկատողություն՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել սպառողների շահերը վնասող վարքագծից, բացի այդ պարտավորեցնել որպեսզի ընկերությունը պահպանի տոմսերի վաճառքի և վերադարձման ժամանակակից և համակարգը:
Հանձնաժողովը դիմում-բողոքներ է ստացել մի շարք տնտեսվարողներից, ինչպես նաև շարքային քաղաքացիներից այն մասին, որ «Հայփոստը» ժամանակին և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները: Մասնավորապես, ըստ բողոքների, առաքվող ծրարները տեղ են հասնում էական ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում են հանձման ամսաթիվը: Բազմաթիվ են նաև այնպիսի դեպքերը, երբ «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ: Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:
Վերոնշյալ խախտումները խոչընդոտում են հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին՝ ստեղծելով խնդիրներ նաև տնտեսվարողների համար: Նրանց մի մասը բարեխղճորեն կատարում է պետական կառույցներին տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունները, սակայն «Հայփոստի» վարքագծի պատճառով դրանք կամ ընդհանրապես տեղ չեն հասնում, կամ հասնում են պահանջվող ժամկետից զգալի ուշացումով: Առկա են դեպքեր, երբ «Հայփոստի» նման վարքագծի արդյունքում տնտեսվարողները դիմել են դատարան:
Հանձնաժողովը խստորեն զգուշացրեց «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները և սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ:
Տեղեկացնենք նաև, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, ՏՄՊՊՀ-ը մշակել է համապատասխան օրենսդրական առաջարկներ, որը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն: