«Լ. Զուրաբյանն իր հայտարարությունները համաձայնեցնում է նաև Գ. Ծառուկյանի հետ»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջերս պարզել է, որ իրեն ԵԽԽՎ պատվիրակության կազմում ռոտացիոն սկզբունքով կարող է փոխարինել ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: Այս մասին գրում է «168 ժամը»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության շուրջ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ սկզբնապես պայմանավորված Զարուհի Փոստանջյան-Արմեն Ռուստամյան ռոտացիան որոշվել է չեղյալ ճանաչել` այն փոխարինելով Զուրաբյան-Շահգելդյան ռոտացիայով:
«Լ. Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել և իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում: Բայց նա հույս ունի, որ իշխանությունները կարող են հրաժարվել իրեն փոխարինելու մտադրությունից` դրանով զերծ մնալով միջազգային աղմուկից և խայտառակությունից»,- գրում է թերթը:
«168 ժամի» թղթակցին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լևոն Զոհրաբյանից, քանի որ «հիմա նա հասանելի է միայն «այլընտրանքային» լրատվամիջոցների համար: Բացի այդ, ասում են, որ տևական ժամանակ է` Լևոն Զուրաբյանն իր հայտարարությունները համաձայնեցնում է ոչ միայն իր անմիջական ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի, այլև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ»: