Սիբիրյան խոցի դեպքի առնչությամբ իրականացված լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի կլինեն երկուշաբթի օրը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Աղվերանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում արձանագրված սիբիրյան խոց ախտորոշմամբ կասկածվող դեպքերին` նշեց, որ ներկայումս դեպքի առնչությամբ ընթանում են լաբորատոր հետազոտական աշխատանքներ և արդյունքները պարզ կլինեն միայն երկուշաբթի օրը:
Նշենք, որ սիբիրախտը (սիբիրյան խոց) կենդանիների և մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի և մսեղիքը կտրտելու ժամանակ և վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ և այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։
Վարակվելուց 2-3 օր անց մաշկը սկսում է քորվել և կոշտանալ: Հիմնականում վարակը տեղակայվում է մարմնի բաց մասերում, առավելապես ախտահարվում են վերին վերջույթները, գլխի մաշկը, ինչպես նաև պարանոցը։ Ախտահարված հատվածում զարգանում է յուրահատուկ կարբունկուլ: Հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է, նկատվում է սրտխառնոց, գլխացավ, երբեմն նաև` փսխում: 2-րդ շաբաթվա վերջում կարբունկուլի կենտրոնում առաջանում է կեղև, որի պոկվելուց հետո սպի է մնում:
Դ.Դումանյանը նշեց, որ որոշ հիվանդների մոտ նկատվել է մաշկային հիվանդություն, որը սիբիրյան խոցից չի տարբերվել: Արդյունքում` տվյալ հիվանդները մեկուսացվել են. մեկ մարդ հոսպիտալացվել է Երևանում, իսկ 21-ը` Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում: «Բուժող բժիշկները կարծես թե վստահ են, որ դա սիբիրյան խոց է, բայց դա հաստատելու համար անպայման պետք է ունենանք լաբորատոր հետազոտության արդյունքները, որպեսզի վերջնականապես հայտարարենք, որ դա սիբիրյան խոց է»,- ասաց Դ.Դումանյանը:
Ըստ նրա` այդ մասին առաջին իսկ օրը չեն բարձրաձայնել, որպեսզի մարդկանց շրջանում ավելորդ խուճապ չառաջանար: Բացի այդ, դեպքը կասկածելի էր, քանի որ դա ախտանիշը հայտնաբերվել էր ընդամենը 3-4 հիվանդի մոտ: «Այնուհետև պարզեցինք, որ նրանց թիվը հասնում է 30-35-ի, սակայն անհրաժեշտություն չկա խուճապ առաջացնել, հատկապես, որ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ տվյալ հիվանդությամբ ոչ մի կենդանի չի հայտնաբերել մարզում»,- ասաց նախարարը` հավելելով, որ սիբիրախտի մաշկային տեսակը վտանգավոր չէ, դա համարյա 100 տոկոսով բուժվում է. առավել վտանգավոր է որովայնային և թոքային տեսակը:
Դ.Դումանյանը հայտնեց, որ 1950-ականներից սկսած Հայաստանում որովայնային և թոքային սիբիրախտի դեպք չի արձանագրվել, միայն մաշկային տեսակն է հայտնաբերվել: Նա նշեց, որ յուրաքանչյուր 7-8 տարին մեկ նման դեպքեր հայտնաբերվել են: Մասնավորապես` 1980թ-ին գրանցվել է սիբիրախտի 27 դեպք, 1988թ-ին` 18, 1999-ին` 20 դեպք, իսկ վերջին անգամ սիբիրյան խոց հանրապետությունում գրանցվել է 2008 թ-ին` մեկ կամ երկու դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան