Հայաստանի տնտեսությունն ընդլայնվել է 7.6 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն` 2012 թվականի առաջին ինն ամիսների դրությամբ Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը 7.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի մակարդակը:
Ծառայության հրապարակած տվյալների համաձայն, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտների թողարկումների գծով, բացառությամբ շինարարության ոլորտի, որտեղ թողարկման ծավալները կրճատվել են 2 տոկոսով:
Տնտեսության ընդլայնման հիմնական առաջատարի դիրքերը պահպանել է արդյունաբերության ոլորտը, որտեղ արտադրանքի ծավալները 11.6 տոկոսով գերազանցել են 2011 թվականի հունվար-սեպտեմբերի թողարկման մակարդակը:
Երկնիշ աճ է արձանագրվել նաև ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում: Նախորդ տարվա առաջին ինն ամիսների համեմատ մատուցված ծառայությունների ծավալներն ընդլայնվել են 11.2, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները՝ 10.5 տոկոսով:
Առևտրի շրջանառության ծավալները 2011-ի հունվար-սեպտեմբեր ամսիների համեմատ ավելացել են 2.9 տոկոսով:
2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրված 5,949.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիայի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 442.8 մլն կՎտ ժամով կամ 8.1 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա