IPSC. «Տարեսկզբի համեմատ կառավարության հանդեպ վստահության գործակիցն աճել է»
«Գործազրկություն, աղքատություն և կաշառակերություն` երկրի առաջատար խնդիրները հանդիսացող այս երեք հիմնական հարցերը տարվա սկզբի համեմատ փոքր-ինչ զիջել են իրենց տեղը»,- գրում է «Голос Армении»-ն` ներկայացնելով Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի (IPSC) կողմից անցկացված «ՀՀ կառավարության գործունեության գնահատականը. Ձեռքբերումներ և բացթողումներ» թեմայով հետազոտությունը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գործազրկությունը որպես սոցիալական հիմնական խնդիր նշած մարդկանց թիվը տարեսկզբի համեմատ պակասել է 3.5%-ով: Մարտ ամսվա հարցումների ժամանակ աղքատությունը որպես հիմնական խնդիր նշել է հարցվողների 20%-ը, հունիսին այդ թիվը կազմել է 19.2%, իսկ սեպտեմբերին անցկացված հարցմանը` աղքատությունը որպես հիմնական խնդիր, նշել է հարցվողների 12.4%-ը: IPSC-ի հարցման արդյունքների համաձայն` գործազրկության խնդիրը առավել սուր է Հայաստանի այլ քաղաքներում, իսկ մայրաքաղաքում այն իր տեղը զիջել է տրանսպորտի, էկոլոգիայի, քաղաքաշինության խնդիրներին: Ըստ հարցման տվյալների` այս համատեքստում որոշակի աճ է արձանագրել քաղաքացիների կողմից կառավարության հանդեպ վստահության գործակիցը: Կոռուպցիայի նվազման հարցում կառավարության շահագրգռվածությանը չի հավատում հարցվողների 33.8%-ը (մարտ ամսին` 37%, հունիսին` 44.4%):
Որպես կառավարության կողմից հաջողված ռեֆորմներ հարցվողները նշել են ճանապարհների, հիվանդանոցների, դպրոցների վերանորոգումները, ինչպես նաև` Ճանապարհային ոստիկանության համակարգում իրագործված բարեփոխումները: