Լեգիտի՞մ է արդյոք Լ. Զուրաբյանի դժգոհությունը Է. Շարմազանովից
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՀՀ գործող նախագահը կայանալիք նախագահական ընտրություններում, անկասկած, ֆավորիտ է լինելու` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, թե Է. Շարմազանովը ընտրություններ կեղծող է, քանի որ դեռ ընտրությունները չկայացած` վստահ է, թե ով է լինելու ժողովրդի ընտրյալը:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն նկատում է. «Պարոն Զուրաբյանն իզուր է նեղանում Է. Շարմազանովից քաղաքական կանխատեսումներ անելու համար, քանի որ այն, ինչ այսօր այդքան բարկացնում է Զուրաբյանին, միշտ եղել է ՀԱԿ-ի ռազմավարության գլխավոր գործիքներից մեկը»:
Թերթը հիշեցնում է, որ ընտրությունների արդյունքների մասին կտրուկ հայտարարություններով Կոնգրեսը առաջնորդվել է գրեթե բոլոր այն ընտրություններին, որին մասնակցել է` սկսած Երևանի ավագանու ընտրություններից մինչև խորհրդարանական ընտրություններ: Կոնգրեսի գլխավոր կարգախոսնը միշտ եղել է. «Եթե մենք չհաղթենք, ուրեմն ընտրությունները կեղծված են»: «Իսկ առավել զավեշտալին այն է, որ խորհրդարանական ընտրություններին, զգալով իր հանդեպ իր իսկ լսարանի անտարբերությունը, ՀԱԿ-ը իր կարգախոսից հանեց «եթե» բառը և այն ստացավ հետևյալ տեսքը` «Մենք չենք հաղթելու, որովհետև ընտրությունները կեղծված են»»,- գրում է թերթը` նկատելով, որ ՀԱԿ-ը ստանում է այն, ինչ երկար տարիներ բանեցրել է իր քաղաքական ռազմավարության մեջ: