«Հայկական ժամանակ». Հայաստանում սիբիրախտով վարակման դեպքեր են գրանցվել
«Հայկական ժամանակը» զգուշացնում է, որ Հայաստանում սիբիրախտով մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել: Թերթին հայտնի է դարձել, որ Վարդենիսում շուրջ տասը մարդ վարակվել է այդ հիվանդությամբ և գտնվում է «Մարտունի» բժշկական կենտրոնում: Այստեղ հայտնել են, որ սիբիրախտն ընդամենը կասկածվում է, լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի կդառնան գալիք շաբաթվա սկզբին: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվության բաժնից էլ հայտնել են, որ ՀՀ առողջապահության նախարարությունը երկու օր առաջ նամակով տեղեկացրել է այս ծառայությանը, որ Երևանում սիբիրախտով վարակման մեկ դեպք է գրանցվել, և դա էլ կրկին առայժմ միայն կասկածվում է, փորձաքննության արդյունքները չկան:
Թերթը հիշեցնում է, որ մարդիկ սիբիրախտով վարակվում են այդ հիվանդությունը կրող կենդանիների կամ մսեղենի հետ շփումից, ինչպես նաև սննդի մեջ վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս: Հիվանդությունը թեև բուժվում է, սակայն մահացության դեպքերը քիչ չեն: Սիբիրախտը մարդուց մարդուն չի փոխանցվում:
Ամեն դեպքում, մինչ փորձաքննությունների արդյունքները հայտնի դառնան, և պարզվի` իրականում ինչն ինչոց է, շատ կարևոր է, որ բնակչությունը զգոն լինի, անհրաժեշտ է գնել միայն սառնարաններում պահվող և համապատասխան փորձաքննություն անցած միս, անհրաժեշտ է նաև պահանջել փորձաքննություն անցնելու մասին վկայող կտրոնը` համոզվելու համար, որ միսը առողջ անասունի է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում, անկախ այս պատմությունից, սովորություն դարձնել և գնել միայն սառնարաններում պահվող և «առողջ» լինելու մասին վկայական ունեցող միս: