Առաջին անգամ Հայաստանում կատարվել է ամորձու բիոպսիա միկրովիրաբուժական եղանակով. «Շատ լավ անցավ»
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ամորձու բիոպսիա միկրովիրաբուժական եղանակով: Վիրահատությունն իրականցվել է երեկ: Վիրահատող բժիշկ Գևորգ Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց, որ վիրահատությունն անցել է շատ լավ, առանց որևէ բարդության:
Doctors.am-ի փոխանցմամբ, ներկայումս կիրառվում են բիոպսիաների զանազան եղանակներ: Միկրովիրաբուժական եղանակով կատարվող ամորձու բիոպսիան հնարավորություն է տալիս ներվիրահատական մանրադիտակի օգնությամբ` տեսնել ամորձու պարունակությունը և առանձնացնել լեցուն խողովակիկները, ինչը հնարավոր չէ իրականացնել բիոպսիաների ստանդարտ եղանակներով:
Ներվիրահատական մանրադիտակը պետք է մինիմալ 20-25 անգամ խոշորացում ունենա, իսկ կատարող մասնագետը` տիրապետի տվյալ վիրահատությունը տեխնիկապես: Տվյալ մեթոդը կիրառվում է որպես անպտղության այլընտրանքային բուժում` արտամարմնային բեղմնավորման համար սերմի ստացում:
Ուռոլոգ` Գևորգ Գրիգորյանը վիրահատությունն ավելի շատ համարում է էսթետիկ:
«Այն անպտղության այլընտրանքային բուժմանն է ուղղված, այսինքն` ամորձիում սերմի հայտնաբերմանը, որը հետագայում կիրառվում է արտամարմնային բեղմանավորման մեջ: Վիրահատությունն իրականացնելու համար պետք են համապատասխան սարքավորումներին ու տիրապետի տեխնիկապես: Եթե բժշկական կենտրոնները սարքավորումներ ունենան, ես կարծում եմ, որ վիրահատությունը լայն տարածում կունենա Հայաստանում»,-ասաց բժիշկը:
Թա՞նկ է վիրահատությունը հարցին ի պատասխան բժիշկն արձագանքեց. «Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել: Ամեն պացիենտի համար մի բանը թանկ է, մյուսը` էժան: Ինձ թվում է, շատերը կարող են իրենց թույլ տալ նման վիրահատություն իրականացնել: Բացի այդ էլ երեխան, որ ծնվելու է վիրահատության արդյունքում, գին չունի»: