Մեկնարկում է «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով միջազգային գիտաժողովը
ԱյսօրՄեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում մեկնարկում է Թանգարանների միջազգային խորհրդի կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը` «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից: Գիտաժողովն անցկացվում է Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Մասնակցության համար գրանցվել է 150 մասնագետ աշխարհի շուրջ 37 երկրների թանգարաններից և համալսարաններից:
ԻԿՕՄ-ի կազմի մեջ մտնող կրթության և մշակութային գործունեության կոմիտեն ամենահին և ամենամեծ միջազգային կոմիտեներից է, այն ունի շուրջ 1300 անդամ, ովքեր թանգարանային կրթության, մանկավարժության և մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են: Կոմիտեի տարեկան գիտաժողովները հանդիսանում են մասնագիտական հանդիպման կարևոր հարթակ, որի ընթացքում քննարկվում են թանգարանագիտական ոլորտում առկա տարբեր հարցեր ու խնդիրներ:
«Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով տարեկան 41-րդ գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթ տեքստերին առնչվող խնդիրներ. տեքստը, լայն առումով, տեղեկատվության համակողմանի աղբյուրն է, որն այցելուին ներկայացվում է թանգարանային ցուցադրության մեջ ամփոփված նյութական ու հոգևոր արժեքների, բացատրագրերի, պիտակների, իրականացվող կրթական ծրագրերի, գրքի, նորագույն տեխնոլոգիաների, համացանցի, սոցիալական մեդիայի և այլնի միջոցով: Գիտաժողովի շրջանակներում մասնագետների համար կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն ոլորտի հեղինակավոր թանգարանների մասնագետները: Գիտաժողովի ծրագիրը ներառում է գիտական զեկույցներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ճանաչողական այցեր հայաստանյան թանգարաններ ու պատմամշակութային տեսարժան վայրեր: Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան հայաստանյան և աշխարհի հեղինակավոր թանգարանների ճանաչված մասնագետները /Լուվր, Բրիտանական թանգարան և այլն/: Գիտաժողովին իր մասնակցությունը կբերի նաև ԻԿՕՄ–ի նախագահ Հանս Մարտին Հինզը:
Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում