Ա. Պողոսյան. Կանաչապատման ծրագրերը թերի են
«Արմատ» ակումբի մշտական հյուր համարվող Հայաստանի Սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր նույն տեղում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երևանի կանաչապատման ծրագրի արդյուանավետության հարցին:
«Երևանում կանաչապատման ծրագրերը թերի են»,- կարծիք հայտնեց Արմեն Պողոսյանը:
Նա նկատել է, որ վերջին ամիսներին ակտիվորեն կանաչապատման աշխատանքներ են իրականացվում Կենտրոն վարչական շրջանում, սակայն դժգոհ է, որ մինչ օր լուծված չէ Ծիծեռնակաբերդի շրջակա տարածքի կանաչապատման հարցը, լուծված չէ նաև մի շարք հանրային տարածքների աղբահանության խնդիրը:
Արմեն Պողոսյանը նաև դժգոհություն ունի քաղաքի աղավաղվող ճարտարապետական տեսքի վերաբերյալ: Կարծում է, որ բացի ընդհանուր համաչափ ճարտարապետական լուծումներից, չի պահպանվում նաև էսթետիկական կողմը: Որպես օրինակ նա մատնանշեց Գրողների միության բակում «բուտկայի» կառուցումը. «Ես այլ բան չեմ կարող դա անվանել, քան բուտկա»: Սպառողների շահերի պաշտպանն անթույլատրելի համարեց նաև, որ Ժամանակակից արվեստների թանգարանի մոտ կառուցվում է «մի ախոռ, որտեղ կոնքամաններ են վաճառում»:
Ըստ բանախոսի , յուրաքանչյուր սեփականատեր պետք է ապահովի շինության արտաքին տեսքի պատշաճ վիճակն ու հարակից տարածքը:
Անդրադառնալով հասարական տրանսպորտի վիճակին, ՀԿ նախագահը նշեց, որ Երևանի թե էկոլոգիական և թե էսթետիկայի պահանջներից ելնելով, նպատակահարմար կլիներ օգտագործվել էլեկտրաէներգիայով աշխատող փոխադրամիջոցներ, և ոչ թե նպաստել արտասահամանից ներկված վառելիքով աշխատող ավտոբուսներն ու երթուղայիների զարգացմանը: Նա այս առումով կարևորեց մետրոյի զարգացումը: