Ձեր մեջ էլ որդեր կան. Ոստիկանապետը` լրագրողներին (լուսանկարներ)
«Աստված թող օրհնի Ձեզ», -այսօր Ծաղկաձորում «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ դիմելով լրագրողներին՝ ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրանից առաջ սեմինարին ներկա լրագրողներին ու ոստիկանության աշխատողներին օրհնեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանը:
Սեմինարը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, և գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը հույս հայտնեց, որ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը շարունակական կլինի և ոստիկանապետին ու ոստիկանության մյուս աշխատակիցներին հուշանվերներ նվիրեց:
Իր ելույթում ոստիկանապետը հորդորեց լրագրողներին աշխատել միասին և հույս հայտնեց, որ այս համատեղ սեմինարի ընթացքում անորոշ հարցերի պատասխանները և միասին աշխատանքը կստացվի, «որովհետև մենք մի տեսակ ենք, մենք բոլորս մարդ ենք»:
«Ոչ մենք ենք ձեզանից լավը, ոչ դուք եք մեզանից լավը, ձեր մեջ էլ որդ կա, մեր մեջ էլ որդ կա, մենք բոլորս մարդ ենք, և մենք պետք է փորձենք արդար լինել: Այժմ ձեր աչքերին նայելով պետք է ասեմ, որ ոստիկանությունը անաչառ է լինելու: Եթե նկատեք անազնվություն, քարը պետք է նետեք մեր ուղղությամբ, քարկոծեք մեզ», -նկատեց նա:
Նա ոստիկաններին ու լրագրողներին նմանեցրեց իրար և ասաց, որ նրանք պահի տակ լինում են ոգևորվող, երբ. նյութը կամ դեպքը կարող է նրանց անհիմն ոգևորել: «Բայց փորձեք ճշտել, նոր գրեք», դիմելով լրագրողներին ասաց Վլադիմիր Գասպարյանը և խնդրեց իրենց գործունեության մեջ «խթան լինել, քանի որ մենք քույրեր-եղբայրներ ենք»:
Իր խոսքի վերջում Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին Նոր կտակարաններ նվիրեց: