Հայաստանում «փողոցային մարմնավաճառությամբ» զբաղվում է 240 հոգի. Անչափահասներ չկան
Հայաստանում այս պահին Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնում գրանցված է 240 փողոցային մարմնավաճառ: Ասուլիսում այս մասին ասաց Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը:
Նա նշեց, որ իրենք հաշվառում են միայն փողոցում կանգնող մարմանավաճառներին, բայց մարմնավաճառներին պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի` փողոցում կանգնող, հյուրախաղերով եկած մարմնավաճառներ, բառերում ծառայություններ մատուցող մարմնավաճառներ և էլիտար մարմնավաճառներ, որոնց կանչում են հեռախոսներով, որոնք ոստիկանության տեսադաշտից դուրս են մնում:
Նրա խոսքով, փողոցային մարմնավաճառների հաշվառումը սկսվել է 2006 թվականից, երբ կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ ոստիկանությունը պրոֆիլակտիկ աշխատանք պետք է տանի ու հաշվառում իրականացնի: Նախորդ տարի նրանց թիվը եղել է 217: Տարիքային հիմնական խմբերն են` 18-25 տարեկանները կազմում են 20 տոկոս, 25-30 տարեկանները` 45 տոկոս, 35-45 տարեկանները` 28 տոկոս, 45-ից բարձր` 3 տոկոս: Փողոցում կանգնող անչափահաս մարմնավաճառներ չկան:
Ինչպես ե՞ք կանխարգելում հարցին, ավագ տեսուչը պատասխանեց, որ տեղամասային տեսուչը առնվազն ամիսը մեկ անգամ պետք է հանդիպի մարմնավաճառների հետ, փորձել համոզել նրանց հետ կանգնել այդ աշխատանքից, հնարավորության դեպքում աշխատանքով են ապահովում: «Արդյունավետությունը բարձր չէ, բայց եղել են նախադեպեր, որ կարողացել հետ պահել նրանց»,- ասաց նա` նշելով, որ հիմնականում չեն համաձայնվում աշխատել այն աշխատանքով, որը որ առաջարկում են:
Ա. Սրապյանն ասաց, որ իրենք իրավունք ունեն մանրավաճառության կասկածանքով անձ ձերբակալել, ու եթե պարզվի, որ մարմնավաճառ են, ենթարկվում են վարչական տույժի` առաջին անգամ 20 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ ու ավելի դեպքերի հայտնաբերման դեպքում` 40 հազար:
Մարմնավաճառները ծառայություն են մատուցում 1000-2000 դրամից մինչև 1000 դոլար ու ավել:
Իսկ ինչո՞ւ են կանայք դիմում մարմնավաճառության: «Ոմանք գտնում են, որ սոցիալական պայմաններ են պատճառը, ոմանք` մարդաբանական բնույթից է կախված: Սակայն ես չեմ տեսել որևէ մարմնավաճառ, որ այլ աշխատանք գտնելու դեպքում թողնի մարմնավաճառությունը»,- ասաց ոստիկանը:
Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանն ասաց, որ իրենց մոտ ուսումնասիրվող մարմնավաճառների 60 տոկոսի մոտ հայտնաբերվուն են սեռավարակներ, բայց վերջին տարիներին մարմնավաճառները հիմնականում իրենց մոտ ունենում են պահպանակներ: Տարեկան կենտրոն դիմած մարմնավաճառների շրջանում 2-3-ի մոտ հայտնաբերվում է ՄԻԱՀ/ՁԻԱՀ:
Ոստիկանների կողմից հայտնաբերված մարմնավաճառները նաև տարվում էին բժշկի` հետազոտման: Դա արվում է պետպատվերի շրջանակներում: Սակայն հոկտեմբերի 1-ից մարմնավաճառները իրենց հետազոտման համար իրենք պետք է վճարեն ու հետազոտության արդյունքը ներկայացնեն ոստիկանություն: «Նրանք գումար են աշխատում, ու պետք է նաև իրենց առողջության վրա գումար ծախսեն: Ոչ ոք պարտք չէ նրանց»,- ասաց բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են