«Երբ մեր հայրենակիցները որոշեն վերադառնալ Սիրիա, երեխաները որևէ դժվարություն և ուսումնական բացթողում չեն ունենա»
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր այցելել է շուրջ 3 շաբաթ առաջ Հայաստանում բացված սիրիական կրթական ծրագրով դասավանդվող «Կիլիկյան» դպրոց: Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` մինչև ուսումնական գործընթացին ծանոթանալը նախարարը խորհրդակցություն է անցկացրել դպրոցի տնօրինության, Երևանի քաղաքապետարանի մասնագետների, ուսուցիչների և Կիլիկյան բարեսիրական միության ղեկավարների մասնակցությամբ: Ներկաները նախարարին տեղեկացրել են, որ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաները դասերն անցկացնում են վերանորոգված դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դասերը կայանում են կահավորված մարզադահլիճում, իսկ Սոֆի Դևոյանի շնորհիվ անվճար հաճախում են պարի դասերի: Ներկայումս դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանցի 265 աշակերտ, դասավանդում են Սիրիայից Հայաստան եկած ուսուցիչներ, արդեն իսկ բազմացվել և աշակերտներին են տրվել համապատասխան դասագրքերը:
Նախարար Հակոբյանը հետաքրքրվել է դասավանդման և ուսման որակով՝ կարևորելով առանց թերացումների դասապրոցեսի կազմակերպումն ու աշակերտների՝ ուսման նկատմամբ տրամադրվածությունը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր փորձեցին օգտակար լինել այս նախաձեռնությանը: Մեր ուսուցչուհիներն այսօր հերոսական գործ են անում, նվիրյալ աշխատանք, որպեսզի ոչ մի աշակերտ խորթություն չզգա: Բնականաբար մենք չէինք կարող անտեսել սիրիահայերի ցանկությունը ունենալ սիրիական ծրագրով դպրոց: Այս դպրոցի բացումն առաջին հերթին ՀՀ նախագահի քաղաքական կամքի դրսևորումն էր: Եվ երբ կարգավորվի իրավիճակը Սիրիայում, մեր հայրենակիցները որոշեն գնալ հետ, երեխաները որևէ դժվարություն և ուսումնական բացթողում չեն ունենա՝ ի շնորհիվ նրանց համար կազմակերպված դպրոցի»,-նշել է ՀՀ Սփյուռքի նախարարը:
Այնուհետև նախարարը շրջել է դասասենյակներում, զրուցել երեխաների հետ, լսել նրանց տպավորությունները հայաստանյան կյանքի, ժամանցի ու կենսակերպի վերաբերյալ, ինչպես նաև՝ ծանոթացավ նրանց ընտանիքներին հուզող տարաբնույթ խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա