Է.Շարմազանով. Ադրբեջանական պրոպագանդան հիմնված է ստի ու կեղծիքի վրա
Հոկտեմբերի 18-ին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը նվիրված էր ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարին: Ինչպես և սպասվում էր` հիմնական բանավեճը եղել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև, այս մասին այսօր լրագրողներին ասաց Է.Շարմազանովը:
Մասնավորապես, երբ հերթը հասել է Հայաստանին և Ադրբեջանին, Է.Շարմազանովի խոսքով, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ինչ-ինչ պատճառներով լքել է դահլիճը, որպեսզի առաջինը ելույթ չունենա. «Ես խնդիր չունեի առաջինը ելույթ ունենալու հետ և անմիջապես ադրբեջանական պատվիրակությունը վերադարձավ դահլիճ»,- պատմեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակը:
Անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանությանը, Սաֆարովի արտահանձնման գործին Է.Շարմազանովը նախևառաջ մատնանշել է, որ ռասիզմի ամենացայտուն օրինակը հենց դա է, և այս դիտարկման հետ համաձայնվել են բոլոր պատվիրակները` բացառությամբ Ադրբեջանի: Ի պատասխան սրա ադրբեջանական կողմը փորձել է աղավաղել Խոջալուի դեպքերը` փորձելով հայերին ներկայացնել մարդասպան. «Ադրբեջանցի պատվիրակին ես խորհուրդ տվեցի կարդալ իր իսկ նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում նա նշել էր, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է Ադրբեջանը և հայերը այստեղ որևէ մեղավորություն ու մասնակցություն չեն ունեցել»,- տեղեկացրեց Է.Շարմազանովը ու ավելացրեց, որ այդպիսով` ևս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ ադրբեջանական պրոպագանդան հիմնված է ստի ու կեղծիքի վրա և չկար որևէ պատվիրակ, որ դրա հետ համաձայն չէր:
Բացի այս, Է.Շարմազանովը տեղեկացրեց, որ հանդիպել է նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ, ում հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` ընդգծելով, որ խնդրի ռազմական լուծումը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են. «Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որևէ սադրանք»,- ընդգծեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան