Սննդի անվտանգության պետական տեսչությունը Վարդենիսում սիբիրախտի դեպքեր չի հայտնաբերել
Սիբիրախտիի կասկածելի դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարության կողմից իրականացվող լաբորատոր հետազոտությունների պատասխանը հայտնի կլինի մի քանի ժամից: Panorama.am-ին այս մասին հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Անահաիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հրապարակած տեղեկատվության համաձայն ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրախտ կասկածելի դեպքերի վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Այս պահին, ըստ նախարարության, միջոցառումները շարունակվում են:
Նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն երկուշաբթի:
Դումանյանի խոսքով, որոշ հիվանդների մոտ նկատվել է մաշկային հիվանդություն, որը սիբիրախտից չի տարբերվել: Արդյունքում` տվյալ հիվանդները մեկուսացվել են. մեկ մարդ հոսպիտալացվել է Երևանում, իսկ 21-ը` Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում: «Բուժող բժիշկները կարծես թե վստահ են, որ դա սիբիրախտ է, բայց դա հաստատելու համար անպայման պետք է ունենանք լաբորատոր հետազոտության արդյունքները, որպեսզի վերջնականապես հայտարարենք, որ դա սիբիրախտ է»,- ասել էր Դ.Դումանյանը:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ին հայտնեց, որ Վարդենիսում տեսչության աշխատակիցներն իրականացնում են բոլոր այն գործողությունները, որոնք պետք է անեին ասենք այն ժամանակ, երբ հաստատվեր սիբիրախտի առկայությունը:
«Հատիկ-հատիկ մտնում ենք բոլոր տները, եթե կա միս, կատարում ենք նմուշառում»,-ներկայացրեց Պիպոյանը:
Նրա խոսքով, կատարված հետազոտությունների արդյունքում, սիբիրախտի դեպքեր դեռևս չեն հայտնաբերվել:
Սիբիրախտը կենդանիների և մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի և մսեղիքը կտրտելու ժամանակ և վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ և այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։
Վարակվելուց 2-3 օր անց մաշկը սկսում է քորվել և կոշտանալ: Հիմնականում վարակը տեղակայվում է մարմնի բաց մասերում, առավելապես ախտահարվում են վերին վերջույթները, գլխի մաշկը, ինչպես նաև պարանոցը։ Ախտահարված հատվածում զարգանում է յուրահատուկ կարբունկուլ: Հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է, նկատվում է սրտխառնոց, գլխացավ, երբեմն նաև` փսխում: 2-րդ շաբաթվա վերջում կարբունկուլի կենտրոնում առաջանում է կեղև, որի պոկվելուց հետո սպի է մնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա