Հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները
Ավարտվել է համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2-րդ առաջնությունը:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Լավագույն խաղ» այս տարի դարձավ Anuloid թիմը «Gravi Tire 3D»` եռաչափ արկածներով լի խաղով, որտեղ խաղացողը պետք է ընտրի մրցավազքի ճանապարհը և վարի անիվը` յուրաքանչյուր անգամ ցած գլորվելիս ձգողականության ուժի շնորհիվ արագություն հավաքելով: Մրցանակը կազմում է 500.000 դրամ:
«Նորարարություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց NUARD Coding թիմը՝ խճանկարային տիպի ժամանցային «Հեքսոլս» խաղով: Հեքսոլսն ունի բազմերանգ, նկարազարդ վեցանկյուններ: Ստացված ձևավորումները կարելի է պահպանել և ներբեռնել iPad–ի նկարների ալբոմում կամ կիսել այն ընտանիքի, ընկերների հետ Facebook սոցիալական կայքով կամ էլ. հասցեով: Խաղը նպաստում է ստեղծագործական մտքի զարգացմանը՝ կառուցելու այն, ինչի ձգտում է երևակայությունը: Մրցանակը կազմում է 300.000 դրամ:
«Լավագույն դիզայն» մրցանակը (300.000 դրամ) տրվեց ZYABs թիմին՝ «Learn Armenian» խաղի համար: Այն հայկական այբուբենը սովորելու համար ստեղծված համալիր ծրագիր է, որի օգնությամբ կարելի է սովորել բոլոր տառերը: Ծրագիրն ունի 3 բաժին: Առաջին բաժնի օգնությամբ կարելի է ճանաչել, կարդալ, գրել և արտասանել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև սովորել 230 բառ և 38 բանաստեղծություն: Ծրագրի վերջին երկու բաժիներն ավելի պարզ են` նախատեսված թերթելու տառերը, կենդանիների ու առարկաների նկարները:
«Լավագույն սցենարը» Tumo Group1 խմբի ստեղծած «Psycho» խաղինն էր: Խաղը հիվանդանոցի մասին է, որտեղ հավաքված են տարօրինակ հիվանդություններ ունեցող մարդիկ, նրանց թվում գլխավոր հերոսը՝ Լյուսին, ում միջոցով խաղի ընթացքում փրկվում են հիվանդանոցի մյուս հիվանդները։ Թիմը ստացավ 300.000 դրամ մրցանակ անվանակարգում հաղթելու համար:
«Պատանիների առաջնություն» անվանակարգում հաղթեց «Հարսանիք լեռներում» խաղը, որը նախագծել է Another Games թիմը: Այս խաղում խաղացողն ունի մեկ նպատակ՝ ազատագրել Շուշին: Իրադարձությունները տեղի են ունենում 1992թ.-ի մայիսի 8-9–ը ընկած ժամանակահատվածում: Խաղը ստեղծված է իրական փաստերի հիման վրա: Այս անվանակարգի մրցանակը կազմում է 300.000 դրամ:
«Ժյուրիի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Վիկտորյա Հարությունյանին «Mukhoboyka» խաղի համար: Այն ճանճերի մասին է, որոնց պետք է թույլ չտալ կանգնել ուտելիքի վրա: Խաղը նախատեսված է բջջային հեռախոսների համար: Կազմված է 10 փուլերից: Առաջին փուլն ամենահեշտն է, իսկ նրանից հետո գալիս են դժվարները, որտեղ ավելանում է ճանճերի քանակը և սեղանի պարունակությունը: Խաղի սկզբում կա մի փոքիկ մուլտֆիլմ, որը պատմում է խաղի գլխավոր հերոս «Skater Jimmy»-ի անցած ճանապարհի մասին: Մրցանակը կազմում է 100.000 դրամ:
Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Այբ» խմբի AYBrain խաղը:
Նշենք, որ աԱռաջնությունը կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Արդեն երկրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, DigitalChocolate, Triada, MicroSoft-RA ընկերություններից և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League-ից: