Աշխարհի «թիվ մեկ» նվագախումը ելույթ է ունենալու Հայաստանում
Հանրահայտ «Դոյչե Գրամոֆոն» ձայնագրման ընկերության կողմից աշխարհի «թիվ մեկ» նվագախմբի տիտղոսին արժանացած Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը՝ 120 հոգանոց կազմով (Royal Concertgebouw Orchestra)` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավորությամբ ելույթ է ունենալու հայ հանդիսականի համար: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Նվագախումբը ելույթ է ունենալու հենց «Երևանյան հեռանկարների» փառատոնի շրջանակներում: Համերգը կայանալու է նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ռ. Ռոստոմյանի խոսքով, 1888 թ. հիմնադրված նվագախմբի ելույթը Հայաստանում նման է մշակութային շոկի: «Նվագախումբն աչքի է ընկնում իր առանձնահատուկ հնչողությամբ: Նրանք հասել են յուրաքանչյուր հնչյունի այնպիսի մաքրության, որ յուրաքանչյուր համերգ անկրկնելի է»,-նշեց փառատոնի նախագահը:
Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը լրագրողերին ասաց, նվագախմբի ղեկավարության հետ կապ առաջին անգամ հաստատվել է դեռ 2008 թ., սակայն այդ ժամանակ իրեն ասել են, որ մինչև 2015 թ. իրենց ծրագիրն արդեն պատրաստ է: «Սակայն շատ լուրջ բարեխոսողներ եղան, և նրանց միակ ազատ` նոյեմբերի 9-ի օրվա համար մեծ պայքար էր ընթանում, երկրները հերթ էին կանգնել, բոլորին մերժեցին և այդ օրը տվեցին Երևանին»,- նշեց Ս. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, արդեն փառատոնի շրջանակներում մի քանի նվագախմբեր եկել են Հայաստան, սակայն այսպիսի տեխնիական պահանջներ որևէ մեկը դեռ չի ներկայացրել: «Մենք հիմա ընդհանուր առմամբ պատրաստ ենք նրանց ընդունելու, սակայն դեռ անելիքներ ունենք»,- նշեց փառատոնի գլխավոր մենեջերը, շարունակելով, որ նրանք իրենց հետ բերում են 4 տոննայից ավելի կշռող բեռ, մեկ միլիոն եվրո արժողությամբ գործիքներ:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը, որը սկզբում կոչվում էր «21-ի հեռանկարներ» հիմնադրվել է 2000 թվականին: Փառատոնն իր գոյության ընթացքում Հայաստան է հրավիրել աշխարհի առաջնակարգ մենակատարներ և նվագախմբեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան