Անարգանք հիշողությանը. Ո՞վ է պատասխանատու սեբաստահայերի հիշատակի հուշարձանի համար
Ի հիշատակ Սեբաստիայի և շրջակա գյուղերի 1915 թվականի ցեղասպանության նահատակների կառուցված հուշարձանը հայտնվել է անմխիթառ վիճակում. այն գրեթե ամբողջովին պատվել է տարբեր գրառումներով, կողքը աղբերի կույտեր են, բացիթողի վիճակում է: Հուշարձանը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ համայնքների սահմանագծին` Ա.Սարգսյանի փողոցի վերջնամասում, նույն փողոցում են գտնվում Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքը և Աջափնյակ թաղապետարանի աշխատակազմը: Հուշարձանը տեղադրվել էր դեռ խորհրդային տարիներին` 1970 թվականին` «Համասեբաստահայ վերապրածների միության» կողմից:
Տեղի բնակիչները հայտնեցին, որ հուշարձանը երկար տարիներ է նման վիճակում և որպես միակ բարեկարգում եղել է հուշարձանի մոտ ՀՀ պետական դրոշի տեղադրումը:
Իր հերթին ՀՀ մշակույթի նախարարությանը կից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Երևանի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մայրաքաղաքում հուշարձանների արտաքին տեսքի հետ կապված գործնական աշխատանքները կատարում է քաղաքապետարանը, իսկ այս դեպքում` պետք է իրականացնի Աջափնյակի թաղապետարանը:
«Հուշարձանի վրա տարբեր հետքերի և գրածների մաքրման աշխատանքները պետք է կազմակերպի թաղապետարանը», - շեշտեց նա` ընդգծելով, որ Մշակույթի նախարարության գործառույթներում է միայն հուշարձանի ընդհանուր պահպանությունը, նրա անվտանգության ապահովումը:
«Մենք, իհարկե, պարբերաբար շաբաթօրյակներ ենք կազմակերպում, ոչ աշխատանքային, այլ` կազմավորության սկզբունքով, բայց այս դեպքում գործնական քայլեր պետք է իրականացվեն քաղաքի իշխանությունների կողմից, քանի որ այս հուշարձանը Երևանի քաղաքապետարանի իրավասության տակ է: Համայնքը պետք է զբաղվի հուշարձանների մաքրման, այլ աշխատանքներով: Մենք, իհարկե, հետևում ենք», - նշեց նա:
Արթուր Մկրտչյանը նաև շեշտեց, որ հուշարձանների նկատմամբ նման բարբարոսությունները պետք է կանխվեն ոստիկանության կողմից, իսկ իրականացնողները` պատժվեն ըստ օրենքի: «Մշակույթի նախարարության գործառույթներից է միայն նման փաստի արձանագրումը և համապատասխան միջոցների ձեռնարկումը», - ասաց նա:
Սպասում ենք համապատասխան արձագանք Աջափնյակի թաղապետարանից:
Ցավալի է, որ հուշարձանը հայտնվել է նման վիճակում, այն էլ` Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստական փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները