Աշոտյանը ներկայացրեց հեղափոխական նախագիծը. Խորհրդարանը քննարկում է համընդհանուր ներառական կրթությանն անցումը
Հայաստանում գործում է ներառական 107 դպրոց, դրանց թիվը տարեկան ավելանում է 15-ով, սակայն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում լինի միասնական կրթական տարածք բոլոր երեխաների համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, խորհրդարանին ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Փոփոխությունների հիմնական մարտահրավերն է բոլոր երեխաների համար, անկախ նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր և այլ խնդիրներից, ստեղծել միասնական կրթական միջավայր. «Մենք հավակնում ենք այս օրենքի ընդունումով բացել Հայաստանի կրթության համակարգում բոլորովին նոր էջ և չեմ վախենում ասել, որ սա հեղափոխական նախագիծ է: Մենք պետք է բոլոր երեխաներին ապահովենք ոչ միայն կրթություն ստանալու իրավունքով, այլև հասարակությանը ինտեգրվելու հնարավորություն»,- իր ելույթում նշեց նախարարը:
Նշենք, ներառական կրթությունն իրենից ներկայացնում է մի ծրագիր, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ ու կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:
Ա.Աշոտյանը ներկայացրեց, որ օրենքի նախագիծն անցել է երկար պատմություն ու եղել է կասկած` արդյո՞ք կարող ենք անել հիմա, թե նորից հետաձգենք, կյանքի կոչել այն հենց հիմա` գիտակցելով, որ հսկայական մեխանիզմների պլան է անհրաժեշտ սկսել: Սակայն որոշում է կայացվել և եթե օրենքն ընդունվի, ապա օրենքով նախատեսվող համընդհանուր կրթության անցնելու գործընթացը կավարտվի 2022թ-ին և մինչ այս, հասկանալի է, Հայաստանում կտրուկ կնվազի հատուկ դպրոցների թիվը. «Մենք հասկանում ենք, որ օրենքի կիրառումը հավելյալ ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց կառավարությունը պատրաստ է գալիք տարիների համար հատկացնել այդ միջոցները: Թեև մյուս կողմից նշեմ, որ հատուկ դպրոցներում սովորող մեկ երեխայի հաշվով տարեկան պետությունը հատկացնում է 1 մլն դրամ, մինչդեռ ներառական կրթության դեպքում այս թիվը գրեթե չորս անգամ պակասում է»,- ներկայացրեց Ա.Աշոտյանն ու ավելացրեց, որ օրենքի նախագիծը հավանության է արժանացել նաև իրավապաշտպան և միջազգային կազմակերպությունների կողմից. «Այս օրենքով ավելի օպտիմալ ենք դարձնում ֆինանսական ծախսերը, օգնում ենք երեխային ինտեգրվել հասարակությանը ու կատարում ենք միջազգային մեր պարտավորությունները»,- թվարկեց հիմնական մեխերը զեկուցողը:
Միևնույն ժամանակ Ա.Աշոտյանը նշեց, որ հատուկ դպրոցները ի սպառ չեն կարող վերանալ Հայաստանում, ինչպես և չեն վերացել դրանք ողջ աշխարհում: Նախարարը խոստովանեց, որ խնդիր ունենք այն իմաստով, որ հատուկ դպրոցներում նաև հայտնվում են այնպիսի երեխաներ, որոնք ուղղակի սոցիալապես անապահով ընտանիքներից են, բայց առողջական կամ մտավոր խնդիրներ չունեն: Ինչն անընդունելի է. «Դա անընդունելի է, քանի որ այդպես երեխան կտրվում է ընտանիքից, խոչընդոտվում է նրա սոցիալիզացիան: Հատուկ դպրոց պետք է գնան միայն այն երեխաները, որոնք այլընտրանք չունեն»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է օրենքի ընդունման պարագայում օրենքի կյանքի կոչմանը, ապա դա արդեն կնախատեսվի միայն 2014թ-ից, քանի որ հաջորդ տարվա պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսված չեն:
Նախորդիվ` Ա.Բախշյան. Հայաստանը գնում է համընդհանուր ներառական կրթության. Համապատասխան օրինագիծը շուտով կներկայացվի ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան