Doing Business 2013. Հայաստանը 32-րդ տեղում է, նախկին 50-րդի փոխարեն
Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Համաշխարհային բանկի նոր հաշվետվության, 2005 թ. սկսած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն աշխարհում առաջատար դիրքում է` տեղական ընկերությունների համար գործարար միջավայրի բարելավման հարցում: Տարածաշրջանն առաջ է անցել Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ բարձր եկամտով տնտեսություններից հետո դառնալով աշխարհում գործարարության համար առավել նպաստավոր երկրորդ տարածաշրջանը:
Համաշխարհային կտրվածքով՝ Սինգապուրը, յոթերորդ տարին անընդմեջ, պահպանում է գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ առաջատարի դիրքը՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նրան են միացել գործարարության համար առավել բարենպաստ կանոնակարգեր ունեցող 10 տնտեսությունների ցանկում ընդգրկված երկրները՝ Հոնգ Կոնգի հատուկ վարչական շրջանը, Չինաստանը, Նոր Զելանդիան, Միացյալ Նահանգները, Դանիան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Կորեայի Հանրապետությունը, Վրաստանը և Ավստրալիան:
«Գործարարությամբ զբաղվելը 2013 ՝ Ավելի խելամիտ կանոնակարգեր փոքր և միջին ձեռնարկությունների համար» (Doing Business 2013) հաշվետվությունը բացահայտում է, որ անցյալ տարի Լեհաստանը համաշխարհային կտրվածքով բարելավումներ իրականացրած լավագույն երկիրն էր: Այն բարելավել է գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը չորս ինստիտուցիոնալ և կարգավորման ոլորտի բարեփոխումների միջոցով՝ դյուրացնելով սեփականության գրանցումը, հարկերի վճարումը, պայմանագրերի կիրարկումն ու ընկերությունների լուծարումը: 2005 թ. ի վեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրականացվել են ինստիտուցիոնալ և կարգավորման ոլորտի շուրջ 400 բարեփոխումներ՝ ավելին, քան աշխարհի որևէ այլ տարածաշրջանում:
«Մեզ շատ հուսադրում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարեփոխումների արագ տեմպը»,-ասել է Համաշխարհային բանկի խմբի համաշխարհային ցուցանիշների և վերլուծությունների ստորաբաժանման տնօրեն Ագուստո Լոպես-Կլարոսը: «Այս բարեփոխումների մի զգալի մասն իրականացվել է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների համատեքստում: Տնտեսական ինտեգրումն ու առավել բարգավաճող գործընկերներին հասնելու ցանկությունը հզոր խթան է եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգերի խթանման հարցում»:
Գործարարությամբ զբաղվելու հեշտության տեսանկյունից 185 երկրների առավելություններն ու թերություններն ամփոփող այս զեկույցում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 18 կետով և նախորդ տարվա 50-րդ տեղից հայտնվել է 32-րդ տեղում։
Հայաստանը (Doing Business 2013 հաշվետվությունում դասված 32-րդ տեղում) ամրապնդել է ներդրողների պաշտպանությունը՝ ներդնելով բաժնետերերի կողմից փոխկապակցված անձանց հետ գործարքների հաստատման պահանջ, պահանջելով տարեկան հաշվետվությունում այդպիսի գործարքների ավելի լայն բացահայտում և ավելի դյուրին դարձնելով դատական կարգով ղեկավար անձանց հետապնդումը, երբ այդպիսի գործարքները վնաս են պատճառում: Ավելին, այն դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստանալը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները:
ԱՄՀ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, հաշվետվությունը ցույց է տալիս, որ Վրաստանը, գործարարությամբ զբաղվելու դյուրինության համաշխարհային վարկանիշային դասակարգման համաձայն, դասվել է լավագույն տնտեսությունների տասնյակում: Վրաստանը բարեփոխումներ է իրականացրել վեց ոլորտներում՝ ավելի, քան տարածաշրջանի որևէ այլ պետություն: Բարելավումներ են արձանագրվել վարկերի ստացման, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման, ընկերությունների լուծարման և էլեկտրաէներգիայի ստացման ուղղությամբ:
Այս տարվա զեկույցում ներկայացվում է Լատվիայի վերաբերյալ թեմատիկ ուսումնասիրություն՝ ընդգծելով երկրի կարգավորման համակարգի բարեփոխումների օրակարգն ու ձեռքբերումները « Doing Business » հաշվետվության միջոցով գնահատվող ոլորտներում:
Doing Business հաշվետվությունների շարքի մասին
Doing Business հաշվետվությունում վեր են լուծվում տնտեսության մեջ՝ իրենց գործունեության պարբերաշրջանում ընկերությունների վրա տարածվող կանոնակարգերը, այդ թվում՝ հիմնադրում և գործունեության ծավալում, արտաքին առևտրի իրականացում, հարկերի վճարում և ներդրողների պաշտպանություն: Գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշային դասակարգման ընդհանուր գնահատականը հիմնված է 10 ցուցիչների վրա և ընդգրկում է 185 տնտեսություն: Doing Business հաշվետվությունում չեն գնահատվում գործարար միջավայրի բոլոր կողմերը, որոնք կարևորվում են ընկերությունների և ներդրողների համար:
Օրինակ՝ չեն գնահատվում հարկաբյուջետային կառավարման որակը, մակրոտնտեսական կայունության մյուս կողմերը, աշխատուժի հմտությունների մակարդակը կամ ֆինանսական համակարգերի դիմակայման ունակությունը: Զեկույցի եզրակացությունները խթանել են քաղաքականության շուրջ բանավեճն ամբողջ աշխարհում և հնարավորություն են տվել ավելի ու ավելի ընդլայնել հետազոտություններն այն մասին, թե ինչպիսի կապ գոյություն ունի տարբեր տնտեսություններում ընկերությունների գործունեության կանոնակարգման և տնտեսական արդյունքների միջև: Այս տարվա զեկույցը նշանավորում է Doing Business հաշվետվությունների համաշխարհային շարքի 10-րդ հրատարակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները