«Պոպոք» գովազդի փառատոնի շրջանակներում քննարկվելու են Երևանի արտաքին ձևավորման հայեցակարգի մշակմանն ուղղված հարցեր
Հոկտեմբերի 25-27–ը Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնությամբ Երևանում կայանալու է «Պոպոք» (POPOK) գովազդի միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, փառատոնը շատ կարևոր է, քանի որ փառատոնի շրջանակներում քննարկվելու են նաև Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի մշակմանն ուղղված հարցեր, ինչպես նաև լրամշակվելու է գովազդային հայեցակարգը: Փառատոնի շրջանակներում կայանալու է կլոր սեղան «Մեծ քաղաքների գովազդ. Մեծ քաղաքներում գովազդ» թեմայով, որի ընթացքում քննարկվելու է Երևանի արտաքին տեսքի և մեր մայրաքաղաքը որպես զբոսաշրջային կենտրոն ներկայացնելու հայեցակարգերին վերաբերող հարցեր:
«Փառատոնին այս տարի մասնակցելու են 15 պետություններից հեղինակավոր ընկերություններ: Սա լավ առիթ է, որպեսզի կարողանանք փորձառու մասնագետների հետ քննարկել մեր քաղաքի բրենդավորման հետ կապված հարցեր»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Երևանի քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գագա Ամատունին իր խոսքում նշեց, որ փառատոնը հնարավորություն է ընձեռում, որ այն մարդիկ, ովքեր մտահոգված են մեր քաղաքի արտաքին տեսքի համար, կարող են մասնակցել կլոր-սեղաններին, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, պրոֆեսիանալ դիզայներների հետ հարց ու պատասխան ունենալ, լսել նրանց կարծիքները` ինչ խնդիրներ կան Երևան քաղաքում, ինչպիսի լուծումներ տալ, որ ավելի գեղեցկանա քաղաքը: Ա. Բաղդասարյանն էլ կոչ արեց, որ նրանք, ովքեր մտահոգ են քաղաքի արտաքին տեսքով, ինչպես նաև գովազդային ընկերությունները, մասնակցեն այդ քննարկումներին:
«Պոպոք» երևանյան միջազգային գովազդի փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի հիմնական անվանակարգերն են` «Հեռուստա և վիդեոգովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ», «Թվային և նոր գովազդակիրներ», «Ռադիոգովազդ», «Մարքեթինգային արշավ» և «Գրաֆիկական դիզայն», այս տարի ավելացել է «Գիրք» անվանակարգը, որը սահմանվել է Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Նա շատ կարևորեց փառատոնի ընթացքում անցկացվող վարպետության դասերը:
Ա. Մարտիրոսյանն ասաց, որ փառատոնը երեք նպատակ է հետանդում` կրթական, միջազգային և Հայաստանի գովազդային ընկերությունների միջև հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, գովազդային միջազգային շուկայում հայկական գործակալությունները լինեն մրցունակ: Նա ցավով նշեց, որ հայաստանյան աշխատանքները քիչ են:
Ինչո՞ւ «Պոպոք»… Բացատրում է Ա. Մարտիրոսյանը. պոպոքի` ընկույզի միջուկը մարդու ուղեղն է հիշեցնում, իսկ ուղեղն այն շարժիչ ուժն է, որի միջոցով մարդու մոտ ծնվում են գաղափարներ, որոնք վեր են ածվում գովազդային հոլովակների: Բացի այդ` POP նշանակում է պատրաստի գովազդ վաճառքի վայրում, և OK:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում