Ընդդիմությունը կուլ է տվել ԲՀԿ-ի քարոզչական խայծը
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե քաղաքաշինության և առողջապահության նախկին նախարարներ Վարդան Վարդանյանը և Հարություն Քուշկյանը ոչ մի կապ չունեն առողջապահության և քաղաքաշինության ոլորտներում տիրող այլանդակությունների հետ` «Голос Армении»-ն գրում է. «Մինչ ԲՀԿ անդամները փորձում են շարքային քաղաքացիներին համոզել, թե իրենց կուսակցությունում անթև հրեշտակներ են հավաքված, և ինչ բացահայտում էլ որ արվում է` քաղաքական բնույթ ունի, տվյալ կուսակցության քարոզչամեքենան հանդիսացող լրավամիջոցներն էլ փորձում են ամեն կերպ համոզել նույն քաղաքացիներին, որ ամերիկացի միլիարդատեր Հանթսմանը կարող է հենց այնպես 2 միլիոն դոլար նվիրել ՀՀ նախկին արտգործնախարարին»:
Ըստ թերթի` հետաքրքրականն այն է, որ բարեգործության համար նախատեսված այդ 2 միլիոնից և ոչ մի կոպեկ չի ծախսվել բուն բարեգործական նպատակներով, սակայն դա ոչ մի կերպ չի անհանգստացրել նույն Հանթսմանին, քանի որ վերջինս «կուրորեն վստահում է պարոն Օսկանյանին»: «Գուցե ավելի տրամաբանական է ենթադրել, որ Հանթսմանն այդ երկու միլիոնը Օսկանյանին է տվել ոչ թե բարեգործական, այլ հենց քաղաքական նկատառումներից ելնելով»,-նշում է «ГА»-ն: Ըստ թերթի` ցավալին այն է, որ Օսկանյանի` իբր թե քաղաքական հետապնդման քարոզչական խայծը կուլ է տվել ընդդիմությունը: