ՀԲ նոր վարկի շրջանակում կիրականացվեն նաև արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության, ինչպես նաև Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջարկված ծրագրի նախագնահատման առաքելության աշխատանքային խմբին։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Դերենիկ Դումանյանը նշել է, որ մի քանի ամիս առաջ համատեղ ուրվագծված ծրագրերը նախարարության համար կարևոր և առաջնային են։ Նախարարն առաջին հերթին անդրադարձել է «Ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկում և կառավարում» վարկային ծրագրին։ Այն ենթադրում է բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը և այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրերի մշակում և իրականացում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ: Կիրականացվի նաև բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի ֆակտորների վերաբերյալ:
Ըստ աղբյուրի, երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով նախատեսվում է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացում, այդտեղ բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծում, Ուռուցքաբանության, ինչպես նաև Վանաձորի նոր բժշկական կենտրոնների կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Դերենիկ Դումանյանը հույս է հայտնել, որ միասին կկարողանան գտնել առաջին հերթին սոցալապես անապահով խմբերի, երեխաների և կանանց առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման երկկողմանի ընդունելի մոտեցումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան