Human Rights Watch. Ադրբեջանի կառավարությունը կրկին ոտնահարել է մարդու իրավունքները
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել հոկտեմբերի 20-ին Շատրվանների հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
Աղբյուրը նշում է, որ Բաքվում ոստիկանությունը շրջափակել և ձերբակալել է մի շարք երիտասարդ ակտիվիստների, որոնցից շատերը տուգանվել են և ազատ արձակվել, սակայն առնվազն 13 ակտիվիստներ դատապարտվել են 10 օրվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Շատրվանների հրապարակում տեղի է ունեցել բողոքի ակցիա. մասնակիցները պահանջում էին լուծարել Ադրբեջանի խորհրդարանը: Ընդդիմադիր կուսակցությունների տվյալներով, ընդհանուր առմամբ բերման են ենթարկվել ակցիայի 110 մասնակիցներ:
Այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը բացահայտորեն մեղադրել է «British Petroleum»-ին այն բանի մեջ, որ վերջինս բավականաչափ նավթ չի արդյունահանում և դրանով վնաս է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը և իր գրպանին, այդ երկրում սկսվել է քաղաքացիական և քաղաքական հերթական պայքարի բռնկումը:
Օրերս հանրությանն է ներկայացվել մի տեսահոլովակ, որտեղ ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներից մեկը առաջարկում է վաճառել իր մանդատը մեկ միլիոն դոլարով: Տեսահոլովակը մեծ դժգոհություններ է առաջացրել ադրբեջանական երիտասարդական կազմակերպություններում, և նրանք որոշել են չարտոնված բողոքի ակցիա կազմակերպել:
«Ադրբեջանի կառավարությունը կրկին ոտնահարել է մարդու իրավունքները` խաղաղ բողոքի ակցիա կազմակերպելու հարցում: Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ցուցարարներին»,-հայտարարել է Հարավային Կովկասում Human Rights Watch-ի հետազոտող Գիորգի Գոգիան:
Շատրվանների հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները վանկարկել են` «Կառավարությունը պետք է հրաժարական տա», «Երկերեսանի Միլի Մեջլիս» և «Հրաժարական Իլհամ Ալիևին» կարգախոսները:
«Չնայած բողոքի ակցիան արտոնված չի եղել, ոստիկանությունը չպետք է ուժ կիրառեր ցուցարարների նկատմամբ: Հավաքների ազատությունը ժողովրդավարական իրավունքի հիմնարար սկզբունքն է և Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է հանդուրժել բողոքի խաղաղ ակցիաները»,-նշել է Գոգիան:
«Human Rights Watch»-ին ձերբակալված ակտիվստներից մեկը պատմել է, որ ոստիկանները, չնայած բազմաթիվ խնդրանքների, մի քանի ժամ բանատխցում նրանց ջուր չեն տվել: