Շվեյցարացի գործարարները կայցելեն Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում:
Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնևի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարևորել է այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջև: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում պատվիրակության այցը Հայաստան:
Նա ևս կարևորել է Շվեյցարիայի և Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշել է, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ և ամրապնդմամբ:
Նշվել է, որ պատվիրակության մաս են կազմում ինչպես Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Լյուկ Բարթասան, այնպես էլ շվեցարահայ համայնքի գործարար ներկայացուցիչներ:
Լյուկ Բարթասան նշել է, որ իրենք տպավորված են Հայաստան կատարած այցից, ունեցած արդյունավետ հանդիպումներից, որոնցից ակնկալում են գործնական արդյունքներ: Նա տեղեկացրել է , որ այս անգամ առիթը բաց չեն թողնելու այցելելու նաև Լեռնային Ղարաբաղ:
Այս կապակցությամբ ԱԺ նախագահը ողջունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը, ինչը լավ հնարավորություն էր տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ դիրքորոշում ձևավորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա