Նաիրա Զոհրաբյանը որպես ՀՀ քաղաքացի անհարմար է զգում այս խորհրդարանի համար
Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև հայտարարությունների մակարդակով «փոխհրաձգությունը» այն աստիճանի ուժեղ էր, որ ԲՀ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ որպես ՀՀ քաղաքացի անհարմար է զգում այս խորհրդարանի համար:
Ամեն ինչ սկսվեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի (նա հայտնի է որպես հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայր) ելույթից հետո, երբ նա հիշեցրեց նախորդ նիստում իր հարցը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին ու դրան հաջորդած զարգացումները:
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ Մարտիրոսյանը դիմելով նախարարին ասել էր, որ մարզիկները օլիմպիական խաղերի ժամանակ «խայտառակ ելույթ» են ունեցել: Սրան հաջորդեց մի խումբ տիտղոսակիր մարզիկների բաց նամակը, որով նրանք ցավ էին հայտնել, որ «շոումեն Գարիկի եղբայրը» նման հայտարարություն է արել: Սակայն հետո լրատվամիջոցներից մեկով Ալբերտ Ազարյանը հայտարարել էր, թե ինքը չի իմացել, որ իր անունը տեղ է գտել նամակի մեջ:
«Ինչ է իրականում եղել` սպորտային մի ինչ-որ չինովնիկի, միջին կարգի, վստահ եմ, դուր չի եկել պատգամավորի կարծիքը մեր սպորտի մասին, և նա կամ նրանք, հնարավոր են համարել թաքնվելով մեր` իսկապես վաստակավոր մարզիկների հետևում, ինչ-որ մտքեր արտահայտել, դեռ մի բան էլ` իրենց կողմից գրված «ճ» կլասի բաց նամակի տակ էլ այսպես գլխաքանակ են ապահովել», -իր ելույթում հայտարարեց Լևոն Մարտիրոսյանը:
«Ինչ վերաբերում է «ճ» կլասի ելույթներ արտահայտությանը, ապա ես խորհուրդ չեմ տա խոսել «ճ» կլասի ելույթներից, զեկույցներից, որովհետև հենց այստեղ, այս դահլիճում այնպիսի քծնանքի, ձանձրույթի համադրության այնպիսի խայտառակ, այնպիսի «ճ» կլասի և ավելի ցածր կլասի ելույթներ են հնչում, որ ուղղակիորեն անհարմար ես զգում, որպես ՀՀ քաղաքացի` լսելով, կրկնում եմ քծնանքի, ձանձրույթի և տափակության այդ կատարյալ համադրությունները», -իր ելույթում առիթն օգտագործելով Հանրապետական պատգամավորին պատասխանեց ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` խորհուրդ տալով չվիրավորել մարզաշխարհի ներկայացուցիչներին, որոնք հենց իրենք էլ ստորագրել են նամակի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա