«Զվարթնոց». Չվերթները չեն սպասարկվում. «Արմավիա». «Դա ինչ-որ մեկին ձեռնտու է»
«Զվարթնոց» օդանավակայանն այսօր առավոտից կրկին չի սպասարկում ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ավիաընկերության չվերթները: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամն է:
«Զվարթնոցը» հայտարարում է, թե ստեղծված իրավիճակի մեղավորը «Արմավիան» է, ով չի վճարում պարտքը: «Արմավիան» էլ նշում է, թե Զվարթնոցը ինչ-ինչ նպատակներ է հետպանդում ու դա անում է դիտմամբ:
«Այս պահին «Արմավիա»-ի պարտքը կազմում է 3մլն 300 հազար դոլար: Ըստ պայմանագրի, պետք է այն կազմեր 2 մլն 360 հազար դոլար»,-օդանավակայանի քայլը բացատրում է մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Հակադարձելով «Արմավիա»-ի հայտարարություններին, Գ. Աբրահամյանը վստահեցրեց. «Պարտքից բացի այլ պատճառ չկա»:
«Արմավիա»-ից հակադարձում են. «Մենք ամեն օր տարբեր չափով փոխանցում ենք իրականացնում: Թող «Զվարթնոցը» մտածի այն մասին, որ այն ժամանակ, երբ պարտքը կազմում էր 6 մլն դոլար, սպասարկում իրականացվում էր, իսկ հիմա, երբ պարտքը 3 մլն դոլար է, իրենք չեն սպասարկում: Դա նշանակում է, որ չսպասարկելը ինչ-որ մեկին ձեռնտու է»:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը Panorama.am-ին հայտնեց, որ վարչությունը այս պահին որևէ միջամտությամբ չի պատրաստվում հանդես գալ: Միջամտությունը կլինի այն ժամանակ, երբ այս իրավիճակը երկար տևի:
«Հնարավոր է, մի ժամ անց վճարում իրականացվի: ՔԱԳՎ-ն պարբերաբար վերահսկողություն է իրականացնում, եթե ուշացումները երկարեն, ապա երկողմ կամ եռակողմ հանդիպում կկազմակերպվի»,-ասաց Ն. Չերչինյանյանը, նշելով, որ Արմավիայի հետ հանդիպումները հաճախ են լինում, իսկ ավիաընկերությունն էլ մշտապես խոստանում է վճարել պարտքերը:
Ինչ վերաբերում է օրեր առաջ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի հայտարարությանը, թե իրենք հարկ եղած դեպքում կդիմեն կառավարությանը, մամուլի քարտուղարը նշեց, որ սա այդ դեպքը չէ:
«Եթե տեսնենք, որ մեկ-երկու օր ոչ մի կոպեկ չեն փոխանցում, չվերթներն էլ չեն սպասարկվում, այդ ժամանակ կառավարության միջամտության կարիք ունի»,-ասաց ՔԱԳՎ ներկայացուցիչը:
Ի դեպ, Արմավիայից վարչությանը տեղեկացրել են, թե ուղևորներին ապահովում են օրենքով սահմված բոլոր պայմաններով:
Նշենք, որ այսօր իրականացվել են Երևան-Մոսկվա, Երևան-Դուբայ, Երևան-Փարիզ չվերթները, 14:15 նախատեսված է Երևան-Մոսկվա, իսկ ավելի ուշ. Ժամը 19-ին Երևան-Թեհրան Չվերթները: «Արմավիա»-ից այս պահին չկարողացան հստակ ասել, մինչև հաջորդ չվերթը խնդիրը կարգավորված կլինի՞, թե՞ ոչ: