Ա. Ադիբեկյան. Ռ. Քոչարյանը կարող է դիմել անսպասելի քայլերի
Ամեն ինչ կախված է ընդդիմությունից. եթե ընդդիմադիր դաշտը հանդես գա միասնական թեկնածուով, նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացնելու հնարավորությունը կմեծանա: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, ըստ գնահատականների, ամենաբարձր վարկանիշն ունեն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Եթե ընդդիմության միասնական թեկնածու լինի Գագիկ Ծառուկյանը, ապա վերջինս կունենա 30 տոկոս ձայն` գումարած 10-15 տոկոս, իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում` 4 տոկոս, գումարած 10-15 տոկոս: Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը գնահատվում են 15 տոկոս, ՀՅԴ-ինը` մոտ 6 տոկոս: «Այլ քաղաքական գործիչ ասպարեզում չկա, բացի Ռոբերտ Քոչարյանից, որը ջոկերի նման կարող է որևէ միավորման միանա, ուժեղացնի այդ միավորումը կամ դառնա դրա ներկայացուցիչը: Դա ոչ թե նրա անձնական որոշումից է կախված, այլ` քաղաքական ուժերը կհրավիրեն նրան, կամ` կօգտվեն նաև կարողություններից, թե ոչ»,- ասաց սոցիոլոգը:
Նա միաժամանակ նշեց, որ Ռ. Քոչարյանը բավականին անկանխատեսելի դեմք է, կարող է դիմել անսպասելի քայլերի. օրինակ` «կոչ անի ձայնը տալ իր ռազմական գործընկեր Սերժ Սարգսյանին, կամ ասի, որ հիասթափվել է նրա գործունեությունից, կոչ անի ձայնը տալ ուրիշներին, երրորդ` կոնկրետ ինչ-որ մեկին աջակցի»:
Ի դեպ, սոցիոլոգը չբացառեց, որ հնարավոր է ԲՀԿ-ն սատարի գործող նախագահին` այսպիսով վերադառնա կոալիցիա, վերականգնի իր դիրքերը:
Ա. Ադիբեկյանն ասաց, որ իրենց հաշվարկներով նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին կառաջադրեն 12 կուսակցություն կամ կհայտարարեն ինչ-որ մեկին սատարելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները