Ա.Բախշյան. Մենք հեծանիվ չենք հորինում` բոլոր երեխաները պետք է սովորեն միասին
«Ժամանակին մեր մեծերը` սկսած 4-րդ դարից քարոզել են, որ բոլոր երեխաները, անկախ իրենց կարողություններից, պետք է սովորեն միասին: Այս նախագիծը իսկապես հեղափոխական է, համամիտ եմ նախարար Աշոտյանի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կրթության փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը` անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին, որը նախօրեին Ազգային Ժողովին ներկայացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, հիշյալ փոփոխությունները ենթադրում են Հայաստանում մինչև 2022թ-ը ներդնել համընդհանուր ներառական կրթություն:
Ա.Բախշյանը ընդգծեց, որ այս օրենքով այսօր հեծանիվ չենք հորինում, քանի որ կրթության կազմակերպման այս ձևն ու սկզբունքը մեր մեծերը դրել են ի սկզբանե:
Ինչ վերաբերում է ծախսերին, որ օրենքի ընդունումը իր հետ առաջ կքաշի, ապա Ա.Բախշյանը նշեց, որ այսօրվա դրությամբ հատուկ դպրոցներում սովորող երեխաների հաշվով չորս անգամ ավելի շատ ֆինանսավորում է հատկացվում, քան ներառական կրթություն ստացող հանրակրթական դպրոցի երեխաների հաշվով:
Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանի համոզմամբ` համընդհանուր ներառական կրթության ներդրումը Հայաստանում խիստ կարևոր ու անհրաժեշտ է, դրան Հայաստանը եկել-հասել է տասը տարիների աշխատանքի արդյունքում, սակայն անելիք դեռ շատ կա. «Տասը տարին ժամանակ էր, որպեսզի ձևավորվեր պահանջարկը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական, և դրա փորձարկումը եղավ Տավուշի մարզում: Մարզի բոլոր 77 հիմնական դպրոցները, առանց պետբյուջեի լրացուցիչ միջոցներ պահանջելու, ստեղծեցին մինիմում պահանջները հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար»,- նշեց Ս.Թադևոսյանը շեշտելով, որ յուրաքանչյուր երեխա պարտադիր պետք է ստանա կրթություն և պետությունն է, որ պետք է ապահովի այդ իրավունքը: Եվ եթե ներառական կրթությունը այլ կերպ ձևակերպեր, շարունակեց նա, ապա կօգտագործեր «մասնակցություն» բնորոշումը:
Ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների մուտքի մոտ կան թեքահարթակներ, բայց երբ մտնում ես դպրոց պատկերը փոխվում է: Ա.Բախշյանը նշեց, որ անգամ «Լինսի» հիմնադրամով կառուցված հրաշալի դպրոցները անհրաժեշտը չունեն սահմանափակ կարողություններով երեխաների դպրոցում տեղաշարժի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա