Հենրիխ Մխիթարյան. «Կարող էինք ավելի շատ գոլեր խփել»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» հետ խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակից հետո Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով:
- «Չելսին» հիանալի թիմ է, սակայն, փառք Աստծո, կարողացանք արագ գոլ խփել, որից հետո խաղալն անհամեմատ հեշտ էր: Մրցակիցն ուներ բազմաթիվ ազատ գոտիներ, և մեզ հաջողվում էր վտանգավոր շատ պահեր ստեղծել: Ափսոս, որ չկարողացանք դրանք բոլորն արդյունքի վերածել: Ամենակարևորն այն է, որ կարողացանք հաղթել:
- Ստիպված էիք խաղադաշտում շատ տանջվել, վազել:
- Այո: Սա Ուկրաինայի առաջնությունը չէ: Չեմպիոնների լիգայում անհրաժեշտ է ավելի արագ տեղաշարժվել, փակել գոտիները, արագ հակագրոհել: Այստեղ թույլ մրցակիցներ չկան: Բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են: Պետք է հստակ իմանալ` ինչպես պաշտպանվել և ինչպես գրոհել: Հասկանում էինք, որ հեշտ չի լինելու, և հնարավոր ամեն բան անում էինք` հաղթանակ տոնելու համար:
- Կարո՞ղ ենք ասել, որ մի քիչ վախենում էիք «Չելսիից»:
- Չեմ կարող նման բան ասել: Հիմա «Շախտյորը» վերելքով է հանդես գալիս, և հարկավոր է այդպես շարունակել: Դեռ ամեն ինչ ավարտված չէ: Մենք դեռ պետք է շատ երկար աշխատենք:
- Երբ գոլ բաց թողեցիք, վախի զգացողություն չկա՞ր, որ կարող եք հաղթանակը ձեռքից բաց թողնել:
- Ոչ: Մենք ամբողջ հանդիպման ընթացքում շատ լավ գործեցինք` շատ հանգիստ և հավասարակշռված:
- 15 հարված` Պետր Չեխի դարպասին: Դա ֆանտաստիկ արդյունք է:
- Եվ դրանցից 2-ը` արդյունավետ (ժպտում է): Կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Սակայն այդպես չի լինում, որ բոլոր գրոհները հաջող ավարտ ունենան: