Ինչո՞ւ է սիբիրախտով վարակված հիվանդը պատրաստ նորից վարակված միս ուտել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 15-ին առողջապահության նախարարությունից սիբիրախտ հիվանդության վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո Գեղարքունիքի մարզում անմիջապես իրականացրել է ստուգումներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ծառայության կողմից իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում` ուսումնասիրվել են բոլոր այն տարածքները, որտեղ իրականացվել է կենդանու մորթ: Բացի այդ` մարդկանց տներից, սառնարաններից ձեռք են բերվել մսի մնացորդներ, կաշվի հումք և ամբողջ խմբաքանակից նմուշառում է կատարվել:
Ըստ Հ.Մկրտչյանի` ծառայության աշխատակիցները պարզել են այն բակը, որտեղ բակային պայմաններում կենդանու մորթ է իրականացվել: «Սակայն առաջին իսկ օրից որոշակի խոչընդոտների հանդիպեցինք: Մարդիկ չէին ցանկանում մեզ ասել, թե այդ մսի մնացորդները որտեղ կարող են լինել, միայն երկար բացատրական աշխատանքներից հետո հասկացան, որ ուղղակի պարտավոր են դրանց տեղն ասել: Դրանից հետո միայն կարողացել ենք հայտնաբերել հիվանդ կենդանուց ստացված մսեղիքը, կաշին, որն անմիջապես այրվել է, իսկ այրված տարածքը` ախտահանվել»,- ասաց նա:
Հ.Մկրտչյանը նշեց, որ արդեն հայտնի են լաբորատոր հետազոտության արդյունքները: Մասնավորապես, պարզվել է, որ վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել է սիբիրախտի ախտանիշը. Ախտանիշը հայտնաբերվել է նմուշառված մեկ մսեղիքից, մեկն էլ` կաշվից: «Հիմա պարզում ենք` այդ մսեղիքը մեկ կենդանուց է, թե երկու: Հետազոտությունները շարունակվում են և չի բացառվում, որ նոր դեպքեր գրանցվեն»,- ասաց նա:
Ըստ նրա` ծառայության աշխատակիցները մինչ օրս տվյալ համայնքում իրականացնում են վերահսկողական աշխատանքներ: Ըստ նրա` ծառայության աշխատակիցները նաև պարզել են, թե վերջին երկու ամսվա ընթացքում որտեղ է բակային մորթ իրականացվել և տվյալ տարածքները նույնպես ախտահանվել են: Անվտանգությունից ելնելով ախտահանել են նաև անասնագոմերն ու հարակից տարածքները, ընդհուպ` բնակիչների սառնարանները:
ՍԱՊԾ հասարակայնության պետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ծառայության աշխատակիցներն իրականում շատ լուրջ խնդրի առաջ են կանգնել: Ըստ նրա` գյուղացիները չեն ցանկացել տեղեկացնել, թե որտեղ է պահված կամ թաղված կենդանու կաշին, սակայն ծառայության աշխատակիցները տնետուն մտնելուց հետո մսեղիքն ամբողջությամբ դուրս են բերել, նույնիսկ կենդանիների տարբեր մնացորդներ հայտնաբերել են գյուղի զուգարաններից: Պիպոյանի խոսքերով` իրենք նաև մի տարօրինակ դեպքի են ականատես եղել: «Սիբիրյան ախտանիշով հիվանդանոց տեղափոխված մի գյուղացի, ում ջերմությունը շատ բարձր է եղել և մեծ չափաբաժին սրսկելուց հետո հնարավոր եղավ նրա ջերմությունն իջեցնեն, սակայն այդ ամենից հետո տվյալ հիվանդը հայտարարեց, որ էլի կուտի այդ միսը, քանի որ ինքը որևէ պրոբլեմ չունի»,- ասաց Բ.Պիպոյանը` հավելելով, որ մարդիկ չէին ցանկանում ընդունել, հասկանալ, որ խնդիր կա:
Հ.Մկրտչյանը նշեց, որ ներկայումս փորձում են պարզել, թե ինչի հետևանքով է կենդանին սիբիրախտով վարակվել: «Հնարավոր է, որ մեկ կամ երկու կենդանու ժամանակին պատվաստում չեն արել, հնարավոր է, որ որոշ հանգամանքներ հաշվի չառնելով պատվաստում է արվել, ինչի արդյունքում նման դեպք է գրանցվել: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ պարզելուց հետո, եթե լինեն մեղավորներ, ապա նրանք կպատժվեն»,- ասաց Հ.Մկրտչյանը:
Այդուհանդերձ, մեկ անգամ ևս կոչ արվեց ազգաբնակչությանը խուճապի չմատնվել, քանի որ համաճարակի վտանգ իրականում չկա: Բացի այդ` տվյալ համայնքում կենդանիներին կրկնակի պատվաստել են, իսկ մարզերից բերված միսը միայն լաբորատոր փորձաքննություն անցնելուց հետո է վաճառքի հանվում:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրվել է սիբիրախտի դեպք, որի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ հոսպիտալացվել է:
Հոկտմբերի 23-ին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրախտի կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Ներկայումս սիբիրյաախտ ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է: