Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահ. Պալատը միանշանակ սատարում է ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքին
Ավարտելով այցելությունը Մեքսիկա՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Գվատեմալա: Նախօրեին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարարը հանդիպել է Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վիերան նշել է, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:
Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետևանքների մասին, պարզաբանումներ է տվել այդ կապակցությամբ և ընդգծել, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին և խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրել է ՀՀ ԱԺ-ում Մեքսիկայի Սենատի և Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին և փոխանցել է Սենատի և Պատգամավորների պալատի ղեկավարներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձները:
Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասել է, որ Պատգամավորների պալատում ևս շուտով ձեռնամուխ կլինեն Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձևավորմանը, ինչն անկասկած փոխգործակցության կարևոր ձևաչափ կդառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում