Սերգեյ Լավրովը չի բացառել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակում գործելու սցենարը
Արևմուտքի նպատակը Իրանն է, ոչ թե Սիրիան:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից «դև» սարքելով, ամեն ինչի համար մեղադրում են վերջինիս. Սա աշխարհաքաղաքական մեծ խաղ է. Փոխվում է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական քարտեզը, և յուրաքանչյուր խաղացող իր շահերն է հետապնդում այս տարածաշրջանում: Որոշ ուժերի նպատակը ոչ թե Սիրիան, այլ Իրանն է, քանի որ անթաքույց հայտարարում են, որ Իրանին անհրաժեշտ է զրկել իր ամենամտերիմ դաշնակցից՝ Ասադից»:
Այն հարցին, թե հնարավո ՞ ր է, որ ԱՄՆ-ն կամ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում գործեն, Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Ինչպես Լիբիայի փորձը ցույց տվեց, ցավոք այո, ռազմական հարձակման սցենար հնարավոր է»:
Շարունակելով ռազմական հարձակման թեման, ՌԴ ԱԳ նախարարը նշել է. «ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված յուրաքանչյուր բանաձև, որը թույլ կտա Իրանի վրա ռազմական հարձակում գործել, կտապալվի Մոսկվայի կողմից»: