Լ. Շիրինյան. Ասադը կարող է դառնալ արաբական աշխարհի լիդերը
«Արևմուտքը որոշ իմաստով Սիրիայում ձախողվեց: Նրանք վստահ էին, որ Ասադը և ալևիները կընկնեն, բայց նրանք չընկան: Ես վստահ եմ, որ եթե ռուսական ազդեցությունը չթուլանա այդ պետությունը չի քանդվելու: Եվ եթե դա այդպես լինի, Ասադը կդառնա Նասերից և Սադամ Հուսինից հետո արաբական աշխարհի լիդերներից մեկը»,- այսօր անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի, Հայաստանի և հայության շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են. «Եվ դա լավ է, որ այդպես է, որովհետև հակառակը նշանակում է թուրքական գործոնի ուժեղացում»:
Ասուլիսին ներկա էր նաև քաղաքագետ Հարություն Մեսրոպյանը, ով նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո արդիական է դարձել քարտեզի վերանայման խնդիրը, սակայն, չհամաձայնելով Լ. Շիրինյանի հետ, կարծիք հայտնեց, որ Հայաստանի և հայության շահերը չեն համընկնում:
Այնուհետև, խոսելով Հայաստանի և Ռուսաստանի շահերի մասին, նշեց. «Եթե մենք մեզ դիրքավորում ենք որպես ֆորպոստ` վախենալով թուրքական պահվածքից, հետևաբար եկեք չհամեմատենք մեր և Ռուսաստանի շահերը: Դու գեոստրատեգիկ շահեր կարող ես ունենալ, եթե դու կառավարման սուբյեկտ ես»,- ասաց Հ. Մեսրոպյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրներին ու պատասխանելով հարցին, թե` արևմուտքն ու արևելքը ինչպիսի նախագահ կցանկանային տեսնել Հայաստանում, ասաց. «Նախագահ, որը կախված կլինի գերտերություններից»:
Իսկ Լ. Շիրինյանի կարծիքով` Ռուսաստանին ձեռնտու չէ թույլ Հայաստան: «Այն թեզը, թե Ռուսաստանին ձեռնտու է թույլ Հայաստան ունենալ, իշխանություններն են դրել շրջանառության մեջ»,- հավելեց նա: