Սոս Սարգսյան. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված» (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սոս Սարգսյանն այսօր իր 83-ամյակը նշել է «Նաիրի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Շնորհավորանքների, զանգերի ու հյուրերի պակաս մեծ վարպետն այսօր էլ չուներ: Բաժանմունքի մոտ շատերն էին սպասում վարպետի ձեռքը սեղմելու, անձամբ մաղթանքներ հղելու իրենց հերթին:
Panorama.am-ի աշխատակիցները ևս այցելել են մեծ դերասանին, շնորհավորել նրան, հարցրել կյանքից քաղած դասերի մասին, ականջալուր եղել նրա մտորումներին.
«Այսօր առավոտից մտորում եմ, ինչ-որ բաներ եմ մտաբերում, մի ամբողջ կյանք իր ողջ մանրամասներով… 83 տարի (հոգոց է հանում): Շշմելու ա, շաաաատ-շաաատ ա էէէէ: Հետաքրքիր է: Մտածում ես, թե էս բոլորը դո՞ւ ես ապրել, դո՞ւ ես անցել, դո՞ւ ես սխալվել, դո՞ւ ես հաղթահարել…Շատ հետաքրքրիր է: Դերասանի կյանքը շա՜տ հարուստ կյանք է, պարզվում է»:
-Ո՞ր զգացողությունները կուզեիք վերապրել
- Առաջին քայլերս թատրոնում, բեմի վրա: Դրանք ամենաերջանիկ տարիներն էին, ամենամեծ հույսերն էին, այ դրանք կուզեի վերապրել:
Խոստովանում է, որ այսօր, երբ տարիների հեռվից ետ է նայում իր ապրած կյանքին, տեսնում է բաներ, որոնք գուցե այնքան էլ ճիշտ չի արել` «Դե վերջին հաշվով մարդն ինքն իր քննադատն է, չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, բայց շատ հաճախ հիշում եմ իմ թերություններն ու սխալները, և սկսում եմ դրա համար ինքն ինձ պախարակել: Չարած բաների համար կամ սխալ արած բաների համար ավելի շատ եմ զղջում»:
-Կյանքը Ձեզ ի՞նչ դաս է տվել:
-Պետք է միշտ լսել հոգու կանչը, ինչ-որ թելադրում է, պետք է շատ ուշադիր լինել, ինչ է հուշում:
-Արտիստի կյանքը երբեք իրենը չի լինում: Նրա կյանքը ուրիշինն է, հասարակությանը, բեմինը... Այս դիտարկմանը մեծ դերասանն արձագանքում է` «Այսօր ինքս ինձ հետ մի պահ մենակ մնալով հասկացել եմ, որ արտիստն այդպես էլ չի հասցնում ապրել իր համար: Չեմ կարող հիմա ասել` ի՞նչ էր դա, ուրիշի ապրած կյանքեր էին, ուրիշի գործունեություն, ուրիշ մարդիկ, բայց քո կողքով անցած, քո սրտի միջով անցած, քո էության միջով անցած, կամ էլ նաև քոնն են դառնում նրանք ինչ-որ տեղ, քո կյանքը»:
-Ինչ սպասելիքներ ունեք:
-Էս տարիքում էլ ինչ կարող եմ սպասել: Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Միայն դրա մասին եմ մտածում, ուղեղս տեղը մնա, բեռ չդառնամ որևէ մեկի ուսին: Դեռ գործեր ունեմ, շա՜տ գործեր ունեմ անելու: Միշտ ինձ մեղավոր եմ զգացել, երբ կարողացել եմ, բայց չեմ աշխատել, պարտականություններս չեմ կատարել, եթե ապրում եմ, շնչում եմ, ուրեմն պետք է նաև կարողանամ»:
Սոս Արտաշեսի Սարգսյան (1929 թ. Հոկտեմբերի 24, Ստեփանավան), հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ:
Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:
1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2006թթ. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը: 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում: Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պռոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի