Կառավարությունը ինչ-որ բա՞ն է թաքցնում. Ապրիլի 1-ին գազի գինը կբարձրանա՞
Ազգային Ժողովում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրելով իր հարցերը նշեց, թե իրենց հասած տեղեկությունների համաձայն վերջերս կառավարության նիստում որոշում է կայացվել Ռուսաստանի գազամատակարարումների դիմաց Հայաստանի կողմից վճարումների մասին: Այդ տեղեկությունների համաձայն` արդեն տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը, հասցնելով այն 240 դոլարի 1000 խմ-ի համար.
«Հայաստանը այս ժամանակաշրջանում գազի դիմաց վճարել է 180 դոլար, և այդ տարբերությունը փակելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը չվճարվածի դիմաց կվճարի իր բաժնեմասով և ահա վերահիշյալ նիստում որոշվել է «ՀայՌուսԳազարդ»-ի 20 տոկոսանոց բաժնեմասը 63 մլրդ դրամով վաճառել Ռուսաստանին: Սակայն այս գործարքը ծածկել է գնի տարբերությունը միայն մինչև 2013թ-ի ապրիլի 1-ը, ինչը նշանակում է, որ այդ օրվանից սկսած Հայաստանը արդեն փող է վճարելու 1000խմ-ի համար 240 դոլարի չափով»,- հնչեցրեց Լ.Զուրաբյանը ու հետաքրքրվեց` հաստատվո՞ւմ է այս տեղեկությունը և եթե այո, ապա ինչպե՞ս նման բախտորոշ որոշումը կարող է ընդունվել առանց հանրային լայն քննարկումների և գաղտնի պահվել ժողովրդից.
«Եվ երրորդ` արդյո՞ք նման որոշման կատարման նպատակով այս նախագիծը ընդգրկված չպետք է լիներ «Մասնավորեցման մասին» օրենքով»,- թվարկեց իր հարցերը ՀԱԿ ներկայացուցիչը:
Սակայն հարցին պատասխանեց ոչ թե ՀՀ վարչապետը, այլ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ում պատասխանը եղավ կարճ և կոնկրետ.
«Տևական ժամանակ է ինչ ՌԴ «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններ են գնում գազի գնի վերաբերյալ, որոնք դեռևս շարունակվում են: Որևէ բան հայտարարել կամ ասել, քանի դեռ բանակցությունները ավարտված չեն ճիշտ չէ: Բանակցությունները ավարտելուն պես հանրությունը կտեղեկացվի»,- նշեց նախարարը:
Սակայն Լ.Զուրաբյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե բանակցությունների մասին է, այլ կառավարության որոշման մասին` վաճառել 20 տոկոսանոց բաժնեմասը 63 մլրդ դրամով.
«Արդյո՞ք նման որոշում գոյություն ունի: Թե դուք թաքցնում եք այդ իրողությունը մի պարզ պատճառով, որ եթե դա դառնա հայտնի, ապա բոլորը կհասկանան, որ նախագահական ընտրություններից առաջ փորձում եք գազի գնի այս աղետալի բարձրացման մասին ինֆորմացիան թաքցնել»,- հակադարձելով հետաքրքրվեց Լ.Զուրաբյանը:
«Պարոն Զուրաբյան, չեմ կարծում, որ գազի գնի բարձրացումը նախագահական ընտրությունների հետ կապ ունի: Ռուսաստանի Դաշնությունը գազ է վաճառում ընդամենը, իսկ ի՞նչ գնով է վաճառում` չեմ կարծում, որ դա մեր ընտրական գործընթացների հետ կապ ունի»,- նշեց Ա.Մովսիսյանը:
«Ինչ վերաբերում է թաքցնելուն, ապա կառավարությունը, -շարունակեց պաշտոնյան,- որևէ թաքցնելու բան չունի»:
«Նորից եմ կրկնում` բանակցությունները ընթանում են գաղտնի, քանի որ միայն Հայաստանը չէ, ՌԴ-ն ԱՊՀ բոլոր երկրներին է վաճառում և յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում: Բանակցությունները ավարտելուն պես բոլորին տեղյակ կպահենք… այս պահին չկա նման հայտարարություն, որոշում»,- հավելեց նախարար Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են