Ա.Իսկանդարյան. ՀՀԿ-ն ցանկանում է նոր հուշագիր ունենալ, որով Ծառուկյանը կհրաժարվի նախագահի թեկնածու հանդես գալու միտումից
Ես զերծ կմնայի այն ենթադրություններից, թե Գագիկ Ծառուկյանին կհաջողվի կոտրել նախընտրականի կոնտեքստում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` ընդգծելով, որ այսօրվա դրությամբ նախընտրական ակտիվությունը նկատելի է դեռևս կուլուարային մակարդակում և հիմնական օրակարգային հարցը նա է, թե արդյո՞ք ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես կգա, թե կսատարի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը.
«Եթե ԲՀԿ-ն այդուհանդերձ սեփական թեկնածուով հանդես չգա, ապա մյուս կուսակցությունները դրանից որոշակիորեն կշահեն, քանի որ ձայների փոքր-ինչ դինամիկա կարձանագրեն: Սակայն այսօր դեռ հստակ չէ ի՞նչ ճանապարհ կընտրի Գագիկ Ծառուկյանը, քանի որ իր անձի նկատմամբ գործադրվող ճնշումները դեռևս նրան չեն կոտրել»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե այսօրվա դրությամբ կոալիցիոն հուշագիրը միակ փաստաթուղթն է և փաստ է, որ Գ.Ծառուկյանը ստորագրել է, որ 2013թ-ի նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Ա.Իսկանդարյանը նշեց, որ բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի ցանկությունն է նոր հուշագիր ունենալ, որով Ծառուկյանը կհրաժարվի նախագահի թեկնածու հանդես գալու միտումից:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ից այլ, մասնավորապես Վարդան Օսկանյանի թեկնածության առաջադրումը, ապա բանախոսը նշեց, որ այնքան էլ հավանական դա չի համարում, թեև բացառել նույնպես չի կարող.«Հենց կուսակցության ներսում այս իմաստով տարաձայնություններ կան, քանի որ կան մարդիկ, որոնք դեմ են Օսկանյանի թեկնածությանը և հակառակը»,- հավելեց Ա.Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան