Ընդդիմությունն այլընտրանքի շվաքում տեղավորվելու փորձեր է անում
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող ակտիվությանը` «Голос Армении»-ն նկատում է, որ նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավն արդեն մեկնարկել է և մեկնարկել է այն հատկապես ոչ ֆավորիտ կուսակցությունների և քաղաքական ուժերի համար, որոնք փորձում են գործունեության իմիտացիաներով տպավորություն ստեղծել, թե իրենք քաղաքական դաշտում կարող են եղանակ փոխել:
Ըստ թերթի նման իմիտացիաներից են` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի այցը Վաշինգթոն, ինչպես նաև` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այցը Մոսկվա: Թերթը նկատում է, որ «Սպիտակ տունը մեզ հետ է» և «Կրեմլը մեզ կօգնի» կարգախոսներով արտասահմանյան այս «վոյաժները» վաղուց արդեն ոչ մի ազդեցություն չունեն շարքային քաղաքացիների գիտակցության վրա: «Փաստն այն է, որ ընդդիմության տեղն այսօր գրավել է, այսպես կոչված, այլընտրանքը, իսկ ընդդիմադիր կուսակցություններն ընդամենը փորձեր են անում հարմարավետ տեղավորվել այլընտրանքի պոչին»,-գրում է «ГА»-ն: