«ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ներգրավված բոլոր կողմերին այս ձևաչափը անհրաժեշտ է»
«1992թ-ից մինչ օրս շատ բան է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բազմաթիվ Մարգարյաններ են սպանվել, այնպես որ ճիշտ չէ կարծել, որ Սաֆարովի գործի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարի իր գործունեությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը այսօր վստահություն հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մինսկի խումբը շատ կարևոր է, քանի որ այլ լիազորությունների հետ մեկտեղ այն աշխատում է հակամարտության կայունացման օգտին. «Ո՞ւմ է պետք դա ` Հայաստանի՞ն, ԱՄՆ-ի՞ն, Ռուսաստանի՞ն: Չեմ կարծում»,- նշեց քաղաքագետը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը անվտանգության յուրատիպ երաշխիք է ոչ միայն գործողությունների մակարդակում, այլև քաղաքական կոնտեքստում, շարունակեց նա, իսկ սա նշանակում է, որ դրանում ներգրավված բոլոր կողմերին էլ այս ձևաչափը անհրաժեշտ է:
Սաֆարովի գործը, ըստ քաղաքագետի, լավ առիթ էր ինչ-որ մեկին բացատրել, թե ո՞ւմ հետ Հայաստանը գործ ունի. «Սաֆարովի գործը ոչ թե մտածելու առիթ է, թե մինչ օրս չգիտեինք ինչ էր իրենից ներկայացնում Ադրբեջանը, այլ մյուսներին ցույց տալու ` ի՞նչ է, ա՞յս պետության կազմում պետք է լինի Արցախը»: