Երկու օր անց Փարիզում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ հակամարտող երկրների արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել է այս տարվա հունիսի 18-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո: Հանդիպումը գնահատվել էր կառուցողական, անցել դրական մթնոլորտում:
Մարդասպան Սաֆարովի արտահանձնելու ու Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու դեպքից հետո սա ԱԳ նախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է լինելու:
Հիշեցնենք, որ Սաֆարովի դեպքից հետո` սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում:
1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:
Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:
Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:
1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:
Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում:
Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: