«Մայորի որդու փոխարեն իմ որդին է պատիժ կրում». ՔԿՀ-ում բերանը կարած դատապարտյալի մայրը արդարություն է փնտրում
Այսօր henaran.am լրատվամիջոցը դատապարտյալների մի նամակ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ նրանցից մեկը կտրել է ճկույթը` պահանջելով իր նկատմամբ արդար վճիռ կայացնել:
Լրատվամիջոցի հրապարակած նամակում նշված էր հետևյալը. «Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով `օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն բայց էս 2 օրա ստղենք, հելը բժիշկ չենք տեսել.մեր մոտ տղա կա էրեկ ինչքան դավադիտ արին վոր սըրանքել մեզ շան տեղ չեդրի, ինքն էլ բռնեց ասեց կամ ինձ զոն տարեք կամ ել մատես կդռումեմ ու սրանքել չհավտացին, ինքնել բռնեց էրեկ մատը կդռեց ճըկուտե ու ուզում ենք վոր թերթերով տպեն իրանք ինչեն խոսում ու ինչեն անում ընենց, որ նեռսում բառդակա տիրում, հետիս 2 տղեքրը բերաները կարել են, էսել սպասում եմ վաղը դատավորը ինչ կասի եթե երկարացրեց կամ հոդվածը` 132-ը չեխանօն եսել եմ ճկուտս կդռումեմ եւ ուղարկեք դադախազին վոր սկսեն լուռջ նայել»:
Նամակում բացի այս գրվածից կար նաև հեռախոսահամար, և Panorama.am-ը փորձեց գնալ դրա հետքերով: Պարզվեց բողոքող դատապարտյալներից մեկը Սերոբ Մխիթարյանն է, որի մայրը` Աիդա Գոգորյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իր որդու նկատմամբ անարդարացի վճիռ են կայացրել:
«Իրան դատել են գողության համար, բայց իմ որդին մեղավոր չի, ով մեղավոր ա, բաց են թողել, իսկ իրեն վեցը տարի դատել են», -փոխանցեց հուսահատ կինը:
Նրա պատմելով, գողությունը կատարվել է Լաչինում, դատավարությունը` նույնպես: Արդեն երեք ամիս է` Սերոբ Մխիթարյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տիկին Գոգորյանի խոսքով, գողությունը կատարել է կոչումով մայոր Արմեն Գաբրիելյանի որդին` Անդրանիկը, բայց «հերը պաշտոնը օգտագործելով ազատ արձակեց որդուն, իսկ իմ տղան գնաց ու վեց տարի պետք ա նստի բանտում»:
Մայրն ասաց, որ որդուն մի քանի որ է` չի տեսել, բայց տեղյակ է, որ չորս օր է` բերանը կարած է ու հացադուլի մեջ է: Բացի այդ, նա ասաց, որ որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի ու նրան անհապաղ բուժում է պահանջվում: «Գլխի ձգձգվող պսիխոտիկ խանգարում ունի, բացի այդ ճնշումն ա բարձրանում, սրտից վատ ա», ասաց Աիդա Գոգորյանը:
ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից Panorama.am-ը փորձեց պարզել` ինչ վիճակում են գտնվում բողոքող դատապարտյալները, սակայն լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ իրենք դեռ ճշտում են և որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել:
Panorama.am-ին հայտնի է դարձել, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ավելի ուշ տեղեկություններ կտրամադրի: