Հայաստանի նպատակն է Doing business զեկույցի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել առաջին քսանյակում. Տիգրան Սարգսյան
Հայաստանի նպատակն է Համաշխարհային բանկի Doing business զեկույցի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել առաջին քսանյակում: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Doing business զեկույցի արդյունքներին:
Նշենք, որ Doing Business 2013 զեկույցի համաձայն` Հայաստանը 18 կետով բարելավել է իր դիրքերը և 184 երկրների շարքում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը:
«Սա շատ կարևոր արդյունք է, սակայն դեռևս շատ անելիքներ ունենք: Բազմաթիվ երկրների ղեկավարներ այս զեկույցը պահում են իրենց անձնական հսկողության տակ, քանի որ այն ներկայացնում է բիզնես միջավայրը, թե բիզնես սկսելու համար ինչպիսի իրական վիճակ է ձևավորվել տվյալ երկրում: Կարևոր է նաև, որ զեկույցները տրվում են` հաշվի առնելով մասնավոր հատվածի շրջանակում հարցումները»,- նշեց Տ. Սարգսյանը:
Վարչապետը հայտնեց, որ արդեն էապես պարզեցվել են և նվազեցվել բիզնեսին մատուցվող ծառայությունների, մասնավորապես, ջրամատակարարման, գազամատակարարման, աղբահեռացման, էլեկտրաէներգիայի գները: «Մենք էական փոփոխություններ կատարեցինք ծախսատարությունը կրճատելու համար և այս առաջընթացն ունեցանք: Սակայն դեռևս մաքսազերծման, արտաքին առևտրի, ապրանքների արտահանման ուղղությամբ ծախսերը պետք է թեթևացնենք: Պահանջվող տեղեկանքների քանակով դեռևս զիջում ենք մեր հարևաններին, անհրաժեշտ է վերացնել տարբեր տիպի փաստաթղթերի պահանջը, ծախսատարությունը»,- ասաց Տ.Սարգսյանը` հավելելով, որ եթե հասարակությունը պահանջում է ավելի խորացնել բարեփոխումները, ապա դա արդարացված է:
Վարչապետը հանձնարարեց մի շարք գերատեսչությունների ղեկավարներին մինչև նոյեմբերի 15-ը ներկայացնել բիզնես միջավայրի բարելավման միջոցառումների նոր ծրագրեր, որոնք հաշվի կառնեն ներկայացրած խնդիրները: «Մեր նպատակն է ամբողջությամբ իրականացնել ՀՀ նախագահի կողմից մեր առջև դրված բոլոր ծրագրերը»,- ասաց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են