Պատգամավոր Նովոյի որդին դատապարտվել է
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (հայտնի է որպես Նովո) որդին` Արտակ Գևորգյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով։ Բացի այդ, դատարանի որոշմամբ, Արտակ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։
Պատգամավորի որդու հերթական արկածը, որի համար նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, հուլիսի 18-ին էր. այդ օրը նա ժամը 03:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցով Պատվական Հարությունյանին պատկանող «Գազ-24» մակնիշի 62 ՍՏ 736 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ նրա ծանոթներից Վիրապ Ասեյանն իր ընկեր Վոլոդյա Խառատյանի հետ միասին, «Վազ-2106» մակնիշի 13 ԼՏ 896 համարանիշի ավտոմեքենայով հանդիպել ու կանգնեցրել է պատգամավորի որդու վարած ավտոմեքենան։ Ըստ գործի նյութերի, Արտակ Գևորգյանն իջնելով ավտոմեքենայից Վիրապ Ասեյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, առանց հափշտակելու նպատակի, տիրացել է նրա «Վազ-2106» մակնիշի 13 ԼՏ 896 պետհամարանիշի ավտոմեքենային և այն փախցնելով տեղափոխել ու թողել է հարակից փողոցում։
Կատարած արարքի համար Արտակ Գևորգյանին առաջադրվել էր մեղադրանք` ՀՀ քր. օր-ի 183 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` «Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Նա իրեն առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր է ճանաչել և դատարանից խնդրել իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ։
Դատաքննությունն ընթացել է արագացված ընթացակարգով, և դատարանը վճիռը կայացնելիս հաշվի է առել այն, որ Արտակ Նահապետի Գևորգյանն «անկեղծորեն» զղջում է կատարած հանցանքի համար, ունի դրական բնութագիր և բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է, ունի մանկահասակ երկու երեխաներ։
Նահապետ Գևորգյանի որդին կալանավորված էր հուլիսի 20-ից: Ազատության մեջ Արտակ Գևորգյանի արարքի հետագա վերահսկողությունը դրվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման Արմավիրի մարզային ստորաբաժանման վրա։
Նահապետ Գևորգյանը, որը Հանրապետական կուսակցության անդամ է, տասը տարուց ավելի պատգամավոր է, սակայն աչքի չի ընկել ակտիվ կամ պասիվ օրենսդրական գործունեությամբ: Որդու հետ կատարվածից հետո որոշ շրջանակներ կարծիքներ էին հայտնում, որ Նովոն պետք է վայր դնի պատգամավորական մանդատը, սակայն այդպես չեղավ: Ավելին, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Panorama.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ որդու արարքների համար հայրը պատասխանատու չէ: