Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ավստրիալացի պատգամավորներին. Առաջինը կարողացաք վեր կանգնել սուբյեկտիվ շահերից
Համաշխարհային հայկական կոնգրեսը նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին, շնորհակալություն հայտնելով պատգամավորների սկզբունքայնության, վճռականության, քաղաքական խիզախության և միջազգային իրավունքի նորմերի հանդեպ ունացած հավատարմության համար:«Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության անունից թույլ տվեք ողջունել Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման Բանաձևի ընդունման առիթով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր լիակատար անկախությունն Ադրբեջանից ձեռք է բերել կիրառելով բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, խստորեն հետևելով ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը և միջազգային-իրավական նորմերին: Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման միակ և օրինական հիմքը միջազգային իրավունքի նորմերի և դրույթների գերակայության վրա հիմնված գործընթացն է: Եվ մենք փաստում ենք, որ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը առաջինը կարողացավ վեր կանգնել սուբյեկտիվ «քաղաքական» շահերից, զերծ մնալ կրկնակի ստանդարտների մոտեցումներից և խորամուխ լինելով հիմնահարցի էության մեջ, ընդունեց միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համահունչ Բանաձև:
Այս Բանաձևը հաղթանակ է ոչ միայն Արցախի բնակչության և ողջ հայ ժողովրդի համար: Այն հաղթանակ է միջազգային իրավական սկզբունքների ու մարդու իրավունքների պաշտպանության, քանզի մարդկանց, ազգերի ազատ, ինքնիշխան ու անվտանգ ապրելու իրավունքը անօտարելի է և պետք է սրբորեն պահպանել:
Միևնույն ժամանակ, Բանաձևը մարտահրավեր է բոլոր այն պետություններին ու կառավարություններին, որոնք ամենուր բարձրաձայնում են միջազգային իրավունքի սկզբունքների առաջնայնության մասին, սակայն իրական քաղաքական գործընթացում առաջնորդվում են կրկնակի ստանդարտներով և «տնտեսական» շահերով՝ ի վնաս մարդու իրավունքների ու իրական ժողովրդավարական գործընթացների: Մենք լիահույս ենք, որ Ձեր կողմից ընդունված Բանաձևը նախադեպ կդառնա այլ պետությունների սուբյեկտների, այլ երկրների համար՝ հաշվի նստելու արդեն կայացած իրողությունների հետ, ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:
Վերստին հայտնում ենք մեր երախտապարտությունը Ձեր սկզբունքայնության, վճռականության, քաղաքական խիզախության և միջազգային իրավունքի նորմերի հանդեպ ունացած հավատարմության համար»,-ասված է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի Դեսպան Արա Աբրահամյանի նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են