«Այբ» ավագ դպրոցի սաները հաղթել են ռոբոտների մրցույթում
«Գծին հետևող ռոբոտ» մրցույթին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես էր եկել «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրել էր 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:
«Այբ» ավագ դպրոցի թիմերը լավագույնս ներկայացան մրցույթում` զբաղեցնելով առաջին երկու հորիզոնականները: Առաջին տեղը գրավել է «Սինուս» թիմը` ստանալով 250.000 դրամ, երկրորդ տեղը` «Կոսինուս» թիմը: Մրցանակն է 100.000 դրամ: Երրորդ տեղը զբաղեցրել է Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի «Պոլիտեխնիկ» թիմը, որի մրցանակն է 50.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: Խրախուսական մրցանակի է արժանացել Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:
«Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արմռոբոտիքսին` տեխնոլոգիայի այս ոլորտը զարգացնելու նպատակով: Դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների զարգացման վրա, ինչպես նաև նպաստել միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այնտեղ է, որտեղ առկա է զարգացման ներուժ, և որտեղ մենք կարող ենք քաջալերել մեր ժողովրդի ստեղծագործ միտքը»,- նշում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և ճարտարագիտական մտածելակերպը զարգացնելու նպատակով 2009 թվականից միությունը ձեռնամուխ եղավ դպրոցներում ռոբոտատեխնիկայի խմբակներ ստեղծելուն: Խմբակների արդյունավետ գործունեության արդյունքն ակնհայտ է, քանի որ այժմ յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ` գրանցելով լուրջ հաջողություններ, իսկ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն այժմ նախատեսված է միայն ավագ դպրոցների աշակերտների համար»,- նշում է ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ներկայումս ԱրմՌոբոտիքս խմբակներ գործում են Երևանի 5 կրթահամալիրներում` Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, «Այբ» և Թիվ 131 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև 5 մարզային դպրոցում` Սյունիքում, Լոռիում և Թալինում:
Ռոբոտատեխնիկայի ոլորտն ավելի զարգացնելու նպատակով նախատեսվում է նաև ստեղծել ԱրմՌոբոտիքս լաբորատորիա, որտեղ մրցույթների մասնակիցները, դպրոցական խմբակների սաները և ռոբոտոտեխնիկայով հետաքրքրվողները հնարավորություն կունենան նախագծել, հավաքել ու փորձարկել իրենց ռոբոտները: Բացի այդ կիրականացվի «Ռոբոտիքս Թու Բիզնես» ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները կսովորեն` ինչպես սեփական գաղափարները վերածել բիզնես ծրագրերի:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, և առաջին նախագիծը հենց «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր: Մրցույթին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:
ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
ԱրմՌոբոտիքսի նպատակներն են` զարգացնել ռոբոտատեխնիկան Հայաստանում, նպաստել ոլորտի ընկերությունների ստեղծմանը, իրականացնել ոլորտին առնչվող կրթական ծրագրեր դպրոցներում և համալասարաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին