Դ. Դումանյան. Փլուզումից տուժածաներից մեկը կվիրահատվի
Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույցի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Այս մասին Աբովյանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ինչպես Կոտայքի մարզից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, նախարարը հայտնել է, որ նրա մոտ գիտակցություն կա, շփվում է բժիշկների հետ: Տուժածն ունի բազմաթիվ կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա:
Դերենիկ Դումանյանի խոսքով, մյուս հիվանդը, որի վիճակը միջին ծանրության է, ստացել է աջ սրունքոսկրի բաց կոտրվածք:
«Դա բարդ կոտրվածք է, և ապագայում նրան վիրահատություն է սպասվում: Մնացածի վիճակը բավարար է, և հուսով եմ, որ 1-2 օրից նրանք դուրս կգրվեն»,-ասաց նախարարը:
Հարցին, թե ով է հոգում տուժածների բուժման ծախսերը, նախարարը նշեց, որ դժբախտ պատահարների դեպքում բոլոր ծախսերը հոգում է պետությունը, իսկ գործատուն կարող է լրացուցիչ օգնություն ցուցաբերել:
«Դժբախտ պատահարի դեպքում մենք պարտավոր ենք տուժածին բուժել, և դրա համար պետությունը գումարներ նախատեսում է»,-ասաց Դ. Դումանյանը:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Panorama.am-ին հայտնեց, որ բոլոր տուժածները գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա խոսքով, տուժածներից 7-ն այսօր կտեխափոխվեն բաժանմունքներ:
Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ, նրանք բոլորն էլ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ են: Տուժածներից իննին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 157 հոդվածի հատկանիշներով` «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը»:
Քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ շինարարական աշխատանքները կիսակառույցում ընթացել են առանց համապատասխան թույլտվության:
Փլուզված կիսակառույցի շինարարությունն իրականացրել է «Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ-ն:
Նշենք, որ Աբովյանում այսօր առողջապահության նախարարը վարչապետի հետ մասնակցում է «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական նորակառույց լաբորատորիայի բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները