Ինչու Ծառուկյանը Դուբայից շտապ վերադարձավ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Դուբայից շտապ վերադառնալու մասին «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` Ծառուկյանին զեկուցել են, որ իրենց կողմից հոկտեմբերի 24-ին կազմակերպված «Expo Russia-Armenia 2012» ռուս-հայկական արդյունաբերական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն նաև ՌԴ նախկին փոխվարչապետ Օլեգ Սոսկովեցը և ՌԴ նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:
Ծառուկյանը շտապել է վերադառնալ`մասնակցելու ցուցահանդեսին, սակայն հյուրերն այդպես էլ չեն եկել: Փոխարենը ցուցահանդեսն իր ներկայությամբ ուշացումով պատվել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Թերթի հետ զրույցում արտերկրից Ծառուկյանի շտապ վերադարձի լուրը հաստատել է նաև նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը. «Իրականում ցուցահանդեսին մասնակցելը եղել է վաղուց պլանավորված, պարոն Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, արդեն 5-րդ անգամ մասնակցում է ցուցահանդեսի բացման արարողությանը: Արտերկրից եկել է` կարևորելով միջոցառումը, ապա`վերադարձել»: