Ն.Զոհրաբյան. ԲՀԿ-ն քաղաքական որևէ ուժի հետ նոր, կիսահին կամ կիսաթարմացված հուշագրի մասին բանակցություններ չի վարում
Օրերս Ազգային Ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ կոալիցիոն հուշագիրը դեռևս ուժի մեջ է, այլ փաստաթուղթ չկա և «փաստը մնում է փաստ, որ ԲՀԿ-ն ստորագրել է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013թ-ի ընտրություններում»:
Սակայն «Բարգավաճ Հայաստան»-ում այդպես չեն կարծում. «ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիա գոյություն չունի. դրանով ամեն ինչ ասված է: Եվ պարտադիր չէ, որ այդ մասին հայտարարի անձամբ Գագիկ Ծառուկյանը, որ դա տեսանելի դառնա»,- ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով հարցին, նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ-ն քաղաքական որևէ ուժի հետ նոր, կիսահին կամ կիսաթարմացված հուշագրի մասին որևէ բանակցություններ չի վարում և նախագահական ընտրությունների վերաբերյալ կուսակցությունը դիրքորոշումը կհայտարարի այն ժամանակ, երբ կգտնի հարմար:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա ըստ պատգամավորի այն տեղավորվում է նույն այն տրամաբանության մեջ, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ այս պահը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ և նախագահական ընտրություններում էլ պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: