Մանկական մահացության առումով Հայաստանի ցուցանիշն ամենաբարենպաստն է ԱՊՀ-ում
Վերջին տարիներին Հայաստանում կրճատվել են մանկական մահացության կառուցվածքում վաղ նորածնային մահացության, ինչպես նաև մայրական մահացության դեպքերը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը՝ ներկայացնելով ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտության (ՀԺԱՀ-2010) արդյունքները:
Նրա խոսքերով՝ 2008թ-ին գրանցվել է մայրական մահացության 15 դեպք, 2009 թ-ին`13 դեպք, 2010թ. և 2011թ. գրանցվել է ընդամենը 3-ական դեպք: Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, ապա, ըստ ՀԺԱՀ-ի, 2010թ. վաղ նորածնային մահացության դեպքերը կրճատվել են ավելի քան 10 տոկոսով:
Կ.Սարիբեկյանը նշեց, որ մանկական մահացության գրանցման գործընթացում օրենսդրական փոփոխությունները թույլ են տվել մանկական մահացությունների հաշվառում իրականացնել, որի արդյունքում` 3 անգամ մահացության դեպքերն ավելացել են: Ըստ նրա՝ հաճախ երեխաների մահը սուբյեկտիվ պատճառներով չեն գրանցում. արդյունքում` շուրջ 56 տոկոս մանկական մահացության չգրանցված դեպք ունեն: «Այդուհանդերձ, եթե համեմատենք ԱՊՀ երկրների հետ, ապա մանկական մահացության առումով մեր ցուցանիշն ամենաբարենպաստն է»,- ասաց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը:
Կ.Սարիբեկյանի խոսքերով` երեխաների մահացության նվազման պատճառներից մեկն էլ կրծքով սնուցումն է: Ըստ հետազոտության` Հայաստանում մինչև 6 ամսական երեխաների մեծ մասը (89 տոկոս) կերակրվել է կրծքով: Բացառապես կրծքով կերակրման խորհրդին հետևել են մայրերի միայն մեկ երրորդը (35 տոկոս): Երեխաների կրծքով կերակրման մեդիան տևողությունը կազմել է 10,9 ամիս, իսկ բացառապես կրծքով կերակրման մեդիան ցուցանիշը` 1,8 ամիս:
Կ.Սարիբեկյանը նշեց, որ Մոր և մանկան առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ազգային ռազմավարական փաստաթղթերի ընդունմամբ` «Մոր ու մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ազգային ռազմավարություն», «Կայուն զարգացման ծրագիր», «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիր ու 2007-2015թթ. գործողությունների ժամանակացույց» և այլն, առողջապահության նախարարությունն իրականացրել է մի շարք նպատակային ծրագրեր և միջոցառումներ` ինչպես պետական բյուջետային միջոցների հաշվին, այնպես էլ այլ կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում:
Անդրադառնալով մայրական վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում 2008-ից հաջողությամբ իրականացված «Ծննդօգնության պետական հավաստագրի» ներդրման ծրագրին, Կ.Սարիբեկյանը նշեց, որ հավաստագրի ներդրման շնորհիվ նախորդող տարվա համեմատ շուրջ 20 տոկոսով բարձրացել է հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշը: Բացի այդ, բարելավվել է հղիներին ուղղված սկրինինգային ծրագրերի կատարողականը, այդ թվում` ՄԻԱՎ-ի սկրինինգի առումով, ինչպես նաև բարելավվել է նորածինների պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը ծննդատներում` կազմելով 96 տոկոս տուբերկուլյոզի դեմ և 94 տոկոս հեպատիտ Բ-ի դեմ:
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը նշեց, որ բնակչության համար մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների մատչելիության ապահովման հարցը առաջիկայում կշարունակի մնալ Առողջապահության նախարարության գերակայությունների շարքում: Մասնավորապես, նախարարությունը կձեռնարկի միջոցառումներ մոր և մանկան ոլորտում նպատակային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված հաջողությունների պահպանման և հետագա զարգացումների ապահովման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա