Հայաստանյան եկեղեցին վաղը նշելու է Խաչի գյուտի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին վաղը մեծ շուքով նշելու է Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից վերջինը` Խաչի գյուտի տոնը: Այս մասին ասուլիսում ասաց Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:
Նշենք, որ Խաչին նվիրված տոներն են` Երևումն սուրբ խաչ, Խաչվերաց, Վարագա սուրբ խաչ: Խաչի գյուտի տոնը նշում է նաև հույն եկեղեցին (սեպտեմբերի 14), կաթոլիկ եկեղեցին (մայիսի 3):
327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակը հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը: Խաչափայտից մաս կա նաև Հայ Առաքելական եկեղցում:
Քահանան նշեց, որ մինչև Քրիստոսի խաչվելը խաչը պատժի գործիք էր, իսկ Քրիստոսի խաչվելուց հետո` փրկության միջոց:
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում վաղը մատուցվելու է Սուրբ պատարագ: Խաչին նվիրված բազմաթիվ շարականներ կան, բայց Խաչի գյուտի օրը երգում են «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմ» շարականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան